Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։
Եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո Խաչի լեռնանցքում մնացած բեռնատարներն իջեցվում են «Դարիալի» («Կազբեկի») անցակետ՝ հոսքը դեպի «Վերին Լարս» աստիճանաբար կազմակերպելու նպատակով։
Վրացական կողմն արդեն սկսել է թույլատրել նաև միջին բեռնատարների (5-7 տոննա) շարժը դեպի «Վերին Լարս», ինչին սովորաբար հաջորդում է խոշոր (20 տոննա) բեռնատարների տեղաշարժը, որը միաժամանակ կիրականացվի նաև ռուսական կողմից դեպի Վրաստանի «Դարիալի» («Կազբեկի») անցակետ։
Հարկ է նշել, որ Ռուսաստան-Վրաստան սահմանին այս պահին իրականացվող աշխատանքները համապատասխանում են ճանապարհի բացվելուց հետո մեքենաների հոսքի վերականգնման տրամաբանությանը։
Պետական եկամուտների կոմիտեն մշտական կապ է պահպանում Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի։