Պղնձի միջազգային գինը 2000 թվականից հետո աճել է մոտ 6-7 անգամ: Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է աշխարհում, և շատերն ասում են՝ պղինձը 21-րդ դարի երկրորդ նավթն է: Այդ մասին Արմավիրի մարզի արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ պղնձի գները շարունակելու է աճել, բայց մենք այդ հարստությունը չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել, որովհետև մենք այսօր հանքաքար ենք արտահանում: Բայց պետք է խնդիր դնենք արգելու հանքաքարի արտահանումը՝ հնարավորություն ստեղծելով արտահանել պղնձի պատրաստի արտադրանք, իսկ դրա համար մեզ երկաթուղի է պետք»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանում պղնձաձուլարան կառուցվի, լինի երկաթուղի, խնդիր կդրվի պղինձը մշակել, կստեղծվեն աշխատատեղեր, նոր գործարաններ կբացվեն: Վարչապետը վստահ է՝ եթե հետպատերազմական շրջանում մեզ հաջողվի հասնել նրան, որ երկաթուղիները բացվեն, մենք հնարավորություն կունենանք 21-րդ դարի երկրորդ նավթն արդյունավետ օգտագործել:
«Դուք գիտեք, որ մեր երկաթուղիները դեպի Իրան և ՌԴ, անցնում են Ադրբեջանով, և մենք պետք է հասկանանք, որ չի կարող լինել այնպես, որ մենք ճանապարհ ստանանք իրենց տարածքով, իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Եվ այստեղ պետք է որոշումներ կայացվեն, որ մենք պետք է փոխադարձաբար այդ ճանապարհներից օգտվենք:
Տարաշրջանի նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր դիտանկյունը պետք է փոխենք: Մենք ունենք թշնամիներ տարածաշրջանում, բայց ինչքան մենք ենք համարում թշնամի, այդքան մեզ են համարում թշնամի, և այս իրավիճակի մասին պետք է մտածենք, պետք է տարածաշրջանում Հայաստանի շուրջ որոշակի բարենպաստ միջավայր ձևավորենք, բայց դրա համար պետք է մեր դիտանկյունը փոխենք տարածաշրջանի նկատմամբ և հակառակը: Եվ այստեղ առաջնայինն անվտանգության հարցն է:
Մեր անվտանգային մասշտաբները փոխվել են, և մենք պետք է նոր բանաձևեր ստեղծենք անվտանգային սպառնալիքներին դիմակայելու համար: Իսկ դրան դիմակայելու ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի ՀՀ-ում:
Մենք պետք է առաջիկա քննարկումներում այդ զորախումբը, որպես տարածաշրջանում անվտանգային կարևոր բաղադրիչ, ավելի ուժեղացնենք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անընդհատ պատրաստվենք նոր պատերազմների, այլ պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու և օգնելու, որ նրանք էլ մեր նկատմամբ վերաբերմունքը փոխեն»,- նշեց Փաշինյանը: