«Մենք պետք է կառուցենք իսկապես հզոր, ազատ, երջանիկ երկիր: Մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք, Արցախը նորովի կառուցենք: Բայց դրա համար մենք պետք է նաև հետահայաց հասկանանք՝ ի վերջո ինչն ենք սխալ արել վերջին 30 տարիների ընթացքում: Ի վերջո, 21-րդ դար է, և մենք անցնում ենք գյուղերով, որտեղ բարեկեցության արտահայտություն, որպես այդպիսին, չկա: Կան ցեխերի մեջ թաղված փողոցներ, կիսավեր ցանկապատեր, գույներից զրկված տներ, շենքեր: Սրանք առանձին վերցված գյուղի խնդիրներ չեն: Ամենուր է այդպես Հայաստանում: Մեկը մի քիչ ավելի, մեկը՝ մի քիչ պակաս»,- Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնք այցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում վարելահողերի 49 տոկոսն ընդհանրապես չի մշակվում, իսկ 74 տոկոսը չունի ոռոգման ջուր:
«Մինչդեռ մեր երկրում տարեկան այնքան ջուր է գոյանում, որ մեր կարիքները ոչ միայն կբավարարեր, այլև մենք ջրի մեծ ավելցուկ կունենայինք»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները 30 տարվա ընթացքում գնացել են բազմաթիվ զոհողությունների հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն բանակի, բայց այդ զոհողությունները չեն օգտագործվել այնպես, որ նման վիճակի առաջ չկանգնենք:
«30 տարվա ընթացքում, ցավոք սրտի, հաղթանակների մասին խոսելով, ըստ էության, մեր թիկունքում պարտություններ են հյուսվել, պարտություններ են կառուցվել: Մենք այս հարցի, այս պրոբլեմի լուծումը պետք է տանք»,- շեշտեց ՀՀ վարչապետը: