«Անկախ նրանից՝ որ կուսակցությունն ամենաշատը ձայն կստանա հունիսի 20-ի ընտրություններում, հաղթողը պետք է լինի ժողովուրդը»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնք այցի ժամանակ:
Նրա խոսքով` կուսակցություններն ընտրություններում ոչ թե հաղթում են կամ պարտվում, այլ ստանում են շատ կամ քիչ ձայն:
«Մեր մեծագույն խնդիրը լինելու է այն, որ ընտրությունների արդյունքում, ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2021 թ. և մնացած բոլոր ընտրություններում ժողովուրդն ասի՝ ես հաղթեցի, քանի որ ես որոշեցի»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` Հայաստանում կան ուժեր, որոնք չեն ուզում, որ ժողովուրդը որոշի, թե ով լինի իշխանության:
«Ասում են՝ մենք կորոշենք, կաբինետներում կհավաքվենք, այսպես ասած էլիտար շրջանակներով կորոշենք, թե ով լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով է ճիշտ, ով՝ մեղավոր: Ես հպարտ եմ, որ մենք անասելի դժոխքի միջով ենք անցել և շարունակում անցնել, բայց դա հանուն մեզ չենք արել, արել ենք ձեր առաջ ունեցած պատասխանատվությունից, որ ձեզանից ստացած իշխանությունը սրա-նրա առաջ չգցենք, ձեզանից ստացած իշխանությունը վերադարձնենք ձեզ, և դուք որոշեք, թե սրանից հետո ինչ է լինելու այդ իշխանության հետ: Եվ ուրեմն՝ ուզում եմ ասել, որ ժողովրդի դեմ խաղ չկա, ժողովուրդը որոշել է, որոշում է և կշարունակի որոշել»,- նշեց նա:
Վարչապետը նաև հայտարարեց, որ որոշել են պետական սուբվենցիոն ծրագրերով կառուցել Ալաշկերտի ճանապարհը: