«Մենք պետք է խնդիր դնենք՝ ունենալ հզոր տնտեսություն: Իսկ դրա համար պետք է ունենալ ճանապարհ՝ երկաթուղային ճանապարհ: Մեր այսօրվա տնտեսությունն ամբողջությամբ կախված է մեկ ճանապարհից, որը մեկ շաբաթ փակ է, մոտ 600 բեռնատար կանգնած է»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում:
Նրա խոսքով` ձյան կամ քարաթափման պատճառով Լարսի ճանապարհը պարբերաբար փակվում է, ինչի հետևանքով տնտեսությունը կաթվածահար է լինում:
«Այո՛, մենք պետք է ունենանք երկաթուղի: Խորհրդային Հայաստանի տնտեսությունն այդքան հզոր չէր լինի, եթե երկաթուղային, ճանապարհային նման ակտիվություն չլիներ»,- ասաց վարչապետը:
Նա կարևորեց նաև օգտակար հանածոները ճիշտ օգտագործելու անհրաժեշտությունը: Ըստ Փաշինյանի ՀՀ-ն 20-րդ դարում չի ունեցել նավթ, բայց ունի 21-րդ դարի «նավթը»՝ ջուր և պղինձ:
Նա կարևորեց ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պղնձաձուլարանների կառուցումը, որ կապված է երկաթուղային ենթակառուցվածքներ ունենալու հետ:
«Հանքաքարը մեր երկրից ոչ թե պետք է արտահանվի, այլ ձուլակտորներ դառնա ՀՀ-ում, վերամշակման ցիկլը պետք է շարունակի աշխատել»,- նշեց նա: