«Մեր այս հանդիպումներն ըստ էության վերադարձ են իրականություն, որովհետև մենք, ցավոք, վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդի հետ վիրտուալ շփման մեջ ենք եղել և վերջին երկու շաբաթներին իրական շփման մեջ ենք: Ու մենք տեսնում ենք նույն իրողությունը, որ կա երկու տարբեր Հայաստան՝ մեկը վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանն է, մյուսը՝ իրական Հայաստանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, այսօր մարդիկ միլիոններ են ծախսում ֆեյսբուքյան Հայաստանում իրենց մտածած Հայաստանը ստեղծելու համար: «Բայց այդ մարդիկ լավ կլիներ իրենց միլիոնները ծախսած լինեին բանակի վրա, երկրի գյուղատնտեսության ու ենթակառուցվածքների վրա, ճանապարհներ կառուցելու վրա: Մենք 30 տարվա պետություն ենք, բայց մեր համայնքներում մեր միջպետական ճանապարհների կեսը քանդված վիճակում է, և դա է մեր պարտությունը, այդտեղից է գալիս մեր պարտությունը»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով, 30 տարվա ընթացքում ՀՀ-ում մեկ նորմալ ջրամբար անգամ չի կառուցվել: «Փառք Աստծո, մենք հիմա 14 մլրդ դրամի ջրամատակարարման, ոռոգման ծրագրեր են իրականացվում»,- ասաց նա: Վարչապետը նաև տեղեկացրեց, որ վերջին երկու տարում հազարից ավելի ճանապարհ է ՀՀ-ում նորոգվել: Նա խոսեց նաև ԶՈՒ-ում բարեփոխումների մասին, ասաց, թե նոր բովանդակություն են հաղորդելու ՌԴ-ի հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը: «Գիտեք՝ ՀՀ-ում կա հայ-ռուսական համատեղ զորախումբ, և այդ զորախմբի հետագա զարգացումը պետք է դառնա մեր անվտանգային համակարգի կարևորագույն առանցքներից մեկը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը խոսեց նաև ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության մասին, մանրամասնեց՝ պրոֆեսիոնալ բանակը պայմանագրային ծառայությունը չէ: «Պրոֆեսիոնալ բանակն այն է, որ կարողանանք մարդկանց այնքան վճարել, որ ամբողջ ամիս անցկացնեն ծառայության մեջ, իսկ մարտական հերթապահությունից դուրս զբաղվեն մարտական գործով, պարապեն որպես պրոֆեսիոնալ զինվոր»,- ասաց նա:
Այս ամենով հանդերձ, ըստ վարչապետի, պետք է պատրաստվենք ոչ թե անընդհատ պատերազմների, այլ՝ պատրաստվենք ու տարածաշրջանը պատրաստենք անընդհատ կայուն խաղաղության: «Ու սրա համար մենք ու ոչ միայն մենք, այլև տարածաշրջանային երկրները պետք է վերագնահատենք մեր փոխադարձ վերաբերմունքն ու փոխադարձ կեցվածքը: Այո, տարածաշրջանում շատերը մեզ թշնամի են համարում, մենք էլ շատերին ենք թշնամի համարում»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչպես և ինչ ժամկետներում հարցերը սակայն առանձին քննարկելու թեմա են: