Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ընթացքում զոհվել է 15 զինվորական բժիշկ և 1 կամավորագրված բժիշկ, ինչպես նաև մոտ 60 բուժակ և սանհրահանգիչ՝ այսօր հայտարարել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
«Մեր վերլուծությունները և օպերատիվ տեղեկությունները փաստում էին, որ հակառակորդը բացառապես աշխատում էր բժշկական անձնակազմի վրա։ Շատ կադրեր էին շրջանառվում համացանցում, երբ հակառակորդը խոցում էր սանիտարական տրանսպորտը, որի մեջ տեղափոխվում էին վիրավորներ։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ պատերազմի ժամանակ ընդունված կանոնները հակառակորդի կողմից բազմիցս խախտվել են»,- նշեց Օհանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանն էլ տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։
«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներ»,- ասաց Փաշիկյանը։