Սփյուռքահայ 400 պատանի ամռանը կլինի հայրենիքում. «Քայլ դեպի տուն» ամենամյա ծրագրի այս տարվա հայտադիմումներն արդեն ընդունվում են: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահեցնում է՝ ուսումնաճանաչողական ճամբարային ծրագիրն այս տարի ևս կրթական, մշակութային հագեցած օրակարգ է ունենալու:
Զարեհ Սինանյան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար - Նպատակն է, որ մինչև 18 տարեկան մեր երիտասարդները կարողանան գալ հայրենիք՝ նախ իրար հետ ժամանակ անցկացնել, ճանաչել իրար, ճանաչել հայրենիքը, ունենալ հայերենի դասընթացներ, պատմության դասընթացներ, այցելել մեր պատմամշակութային կենտրոններ, հանդիպել հասարակական քաղաքական գործիչների հետ և, այսպիսով, ամրապնդել կապը հայրենիքի հետ:
Սիրանուշի համար Հայաստան տեղափոխվելը երազանք էր, 2018-ին Ռուսաստանից եկավ ու մասնակցեց «Քայլ դեպի տուն» ծրագրին, հաջորդ տարի էլ տեղափոխվեց հայրենիք՝ չհեռանալու նպատակով: Բուհ, աշխատանք ու բազում նպատակներ. այժմ իրագործում է հենց հայրենիքում:
Սիրանուշ Ղուկասյան, «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից - Դրսում լինելով, գուցե, հնարավորությունները շատ ավելի մեծ են, բայց հարմոնիա չկա, այսինքն՝ հոգիդ անհանգիստ է, որովհետև այստեղ ամեն ինչ քոնն է՝ այգին, ծառը, մարդիկ, ժպիտները և այլն:
Սիրանուշի կյանքում մեծ դեր ունի հայկական ազգային պարը, առաջին անգամ «Քայլ դեպի տուն» ծրագրի ընթացքում է պարել ու մինչև օրս ազատ ժամանակը դրան է հատկացնում:
Սիրանուշ Ղուկասյան - Ինձ ավելի ամուր է կապել այս հողին: Ամեն անգամ պարելուց զգացմունքներս խառնվում են իրար՝ հպարտություն, սեր: Այդ ամենը միախմբվում է ու զգում ես՝ նախնիներդ գոհ են ու ասում են՝ սա է քոնը, այստեղ մնա ու այստեղ շարունակի գործել:
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն անգամ, եթե չեն հաստատվում Հայաստանում, միևնույնն է, այստեղից հեռանում են՝ վերադառնալու ակնկալիքով: Հիշողություններ ու նոր ընկերներ. հայրենիքի հետ կապն ամուր է:
Ռոբերտ Պոդոսյան, «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից - Ծրագրի շնորհիվ ճանաչեցի բոլորովին այլ հայրենասիրություն: Մասնակցեցի 2019 թվականին՝ երկրորդ փուլին:
Այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվելու է 4 փուլով՝ հունիսի 21-ից օգոստոսի 14-ը. յուրաքանչյուր փուլին Սփյուռքից կմասնակցի 13-18 տարեկան 100 երիտասարդ:
Զարեհ Սինանյան - Մենք պետք է պահպանենք համավարակի դեմ միտված բոլոր առողջապահական պայմանները, իսկ ծրագրի մասնակիցները պետք է Հայաստան ժամանելուց 72 ժամվա ընթացքում ստանան կորոնավիրուսի բացասական թեստավորման արդյունք, Հայաստան ժամանելուն պես պետք է ձեռք բերեն նաև առողջապահական ապահովագրություն:
Նախորդ տարի ծրագիրն իրականացվել էր առցանց. գրասենյակում հույս ունեն, որ համավարակն այս տարի չի խանգարի ու դեպի տուն քայլը կանեն ոչ թե վիրտուալ, այլ Հայաստան՝ իրական այցով: