Շուշիի թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանն ու թատրոնի ադմինիստրատոր Լիլիթ Մկրտչյանը պատերազմի առաջին օրերին տեղափոխվեցին Գյումրի։ Սթրեսային առաջին օրերից հետո հասկացան, որ անկումային տրամադրությունների ժամանակը չէ, պետք է գործել:
Աշխեն Հարությունյան (Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն) - Մենք սկսեցինք Գյումրի տարհանված մանուկների համար ներկայացումներ ցուցադրել։
Արդեն հինգ ամիս է Գյումրիում։ Ոչ մի օր չեն դադարել ապրել ու ստեղծագործել։ Հյուրախաղերով Արցախ են մեկնել և բարի լուրով վերադարձել։
Աշխեն Հարությունյան - Երկու ամիս ու կես աշխատել ենք Գյումրու տիկնիկայինում, հետո գնացինք հյուրախաղերի, հետո պարզվեց ու պահում են Շուշիի թատրոնը, գնալու ենք։
Չնայած որ Արցախի կառավարությունը որոշել է պահել Շուշիի թատրոնը, տեխնիկական շատ խնդիրներ կան, տարածք և գույք չունեն։
Առայժմ կգործի Շուշիի շրջիկ թատրոնը, պատրաստվում են, փորձերն օնլայն են։ Առաջին փուլով ներկայացումներով կլինեն Ստեփանակերտի դպրոցներում և մանկապարտեզներում, մայիսին արդեն կհասնեն Ասկերան, Մարտունի, մյուս բնակավայրեր։ Շուշիի թատրոնի աջակիցները հայ արվեստագետներ ու դերասաններ են Հայաստանից ու արտերկրից։
Գնում են Արցախ՝ մի պայծառ օր Շուշի վերադառնալու ակնկալիքով։ Այդ հույսը չի լքում նաև Ռուզաննա Սարամյանի ընտանիքին: Չորս հոգանոց ընտանիքը Գյումրիում վարձով է ապրում, Ռուզաննան այս պահին տան միակ աշխատողն է: Փորձաշրջան է անցնում քաղաքապետարանում, վճարում է պետությունը։
Շուշիից հետո դժվար էր, բայց սիրեց Գյումրին։ Աշխատանքը մշակույթի գործիչների հետ է, ամեն օր մի նոր բան է բացահայտում։ Արցախ վերադառնալու մասին են մտածում, բնակարանի համար արդեն հերթագրվել են, սպասում են: