Արցախի հայկական եկեղեցիներից մեկն Ադրբեջանի հերթական զոհն է դարձել: Համացանցում հայտնված տեսանյութն արագ ուսումնասիրել է նաև ճարտարապետ Աշոտ Հակոբյանը: Վստահ է՝ 1892-98 թթ. կառուցված Մատաղիսի եկեղեցին է:
Աշոտ Հակոբյան, ճարտարապետ - Խաչաձև, կամարակապ դուռը, նույն խաչաձև մուտքն է ու կամարակապ դուռը: Մատաղիս գյուղի եկեղեցին է, գյուղամեջի:
Ադրբեջանական, թուրքական համազգեստով տղամարդիկ մտնում, տակնուվրա են անում եկեղեցին, ջարդում, փշրում սրբապատկերները, հայտարարում՝ մտադիր են նամազ անել: Արխիվային լուսանկարների հետ համեմատությունը կասկած չի հարուցում՝ Մատաղիսի 19-րդ դարի եկեղեցին է:
Աշոտ Հակոբյան - Ենթադրում էի, որ որոշ ժամանակ իրենք կզգուշանան, մինչև արցախյան թեման մոռացության մատնվի, հետ ընկնի աշխարհի ուշադրությունից :Անսպասելի էր, որ սկսել են հիմնահատակ ոչնչացումը, օրինակ, Մեխակավանի եկեղեցին:
Մեխակավանի Սուրբ Աստվածածինը հիմնահատակ քանդելուց հետո Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու հանդեպ բարբարոսությունը վերջին օրերին հայկական հետքը վերացնելու Բաքվի 3-րդ փորձն է: Ծակուռի 17-րդ դարի եկեղեցին ալբանական անվանելու՝ Ալիևի կեղծիքի դեմ ևս հայկական փաստերը զորեղ են ու անվիճելի: Հոգևոր կառույցն ունի տիպիկ հայկական ճարտարապետություն:
Աշոտ Հակոբյան - Շինարարական արձանագրությունն էլ փաստում են, որ Ծակուռի եկեղեցի,ն ըստ արձանագրության, համապատասխանում է այսօրվա վիճակին: Կառուցող ճարտարապետը՝ Թաղալրեցի Հակոբը, գրել է՝ շինեցավ մինչև ի կաթողիկէն: Կառուցել է մինչև գմբեթը:
Վերջին շրջանում մշակութային ցեղասպանության զոհ են դարձել ոչ միայն հայկական վանքերը, հուշարձաններն ու խաչքարերը, այլև գերեզմանները: Ձեռագիր, որ հայ զինծառայողներն իրենց թույլ չեն տվել նաև 90-ականներին՝ հայկական տարածքներն ազատագրելիս:
Ռոմիկ Մխիթարյան, ազատամարտիկ - Մենք նորոգում էինք Շուշվա մզկիթը, իրենք քանդում էին Ջուղայի խաչքարերը: Կուբաթլուն ազատագրելիս, երբ առաջ էինք շարժվում, փոքր մզկիթ կար, Ռոլանդի հետ միշտ անցնելիս ասում էինք՝ մեզ թույլ չպետք է տանք:
Նախիջևանում նմուշի համար գոնե մեկ հայկական հուշարձան չեք գտնի. թուրքական ոտնձգությունների մասին ճարտարապետը խոսում է փաստերով. հարյուրավոր վանքներ, հազարավոր գերեզմաններ, այնպես, ինչպես օրեր առաջ Մեխակավանի եկեղեցու հետ վարվեցին:
Աշոտ Հակոբյան - Պարտադիր բանակցության կետ պիտի դառնա հայկական հուշարձաների վիճակն Ադրբեջանում: Պարտադիր, մանավանդ Նախիջևանը, առանձնահատուկ փաթեթով:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամում առաջնահերթ անգլերեն են թարգմանում քարոզչական նյութերը, որոնք կարևոր զենք են մշակութային եղեռնի դեմ:
Գայանե Մովսիսյան, թարգմանչուհի - Պարոն Կարապետյանը, հիմա նաև իրենից հետո մենք, նպատակահարմար ենք գտնում թարգմանել անգլերեն, ռուսերեն, թուրքերեն: Ձեռքիս «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գրքի համառոտ տարբերակ է, որ թարգմանել ենք՝ մեր ձայնն է՛լ ավելի լսելի դարձնելու նպատակով:
Մշակութային վանդալիզմի փաստերը միջպետական գանգատով ներկայացվում են ՄԻԵԴ: Այդ փաստերը Հայաստանում քննվում են Արցախի դեմ սանձազերծված պատերազմի քրեական գործով: Արցախյան պատերազմների ազատամարտիկն իր ու եղբոր մասին խրամատում գրված երգը մտքում՝ երբեք չեն վնասել ճանապարհին հանդիպած որևէ հուշարձան: