Այսօրվա ձյունը երկարացնում է Հայաստանում արձակուրդը վայելող ընտանիքի հանգիստը: Տուրօպերատորը՝ փոքրիկի խնդրանքով ավելացնում է Լոռվա ձորերում ձմեռային ժամանցը:
Ռուզաննա Կարապետյան, տուրօպերատոր - Մեր հաճախորդներից հիմա հանգստանում են Լոռու մարզում՝ Գյարգյառ գյուղում: Հիմա ուզում են երկարացնել, մենք փոխանցումը կանենք, իրենք կշարունակեն:
Մեկամյա կորոնադադարից հետո մեր երկրում տուրիստական աշխուժություն են ակնկալում: Ծավալները, իհարկե, այս տարի նախկինը չեն լինի, բայց, օրինակ, մայիսից Ռուսաստանից մեծ տուրհոսք են սպասում:
Վլադիմիր Գևորգյան, տուրիստական ընկերության տնօրեն - Մայիսյան տոների հետ կապված ունենք որոշակի հարցումներ: Ռուսական շուկան ակտիվանում է հենց այդ շրջանում, իսկ Եվրոպայի առումով պասիվություն կա, և կարելի է ասել՝ սայլը տեղից չի շարժվում:
Փոխարենն արագ շարժվում է տաք երկրների՝ արաբական ուղղությունը: Համավարակի պատճառով փակ Եվրոպան հայ տուրիստները փոխարինում են Եգիպտոսով, Արաբական Միացյալ Էմիրություններով:
Մարիամ Մխիթարյան, տուրօպերատոր - 8 օրվա համար 5 անձ, արդեն 5-րդ ընտանիքի համար ենք անում, 5 աստղանի հյուրանոցում, ծովափնյա առաջին գիծ: Ամենաշատ վաճառվողը Եգիպտոսն է, որովհետև ավելի էկոնոմ դասի համար է: Հայերը նախընտրում են այստեղ վճարել, այնտեղ ոչնչի մասին չմտածել:
Մարտ, ապրիլը տուրիզմի համար սովորաբար պասիվ է: Ակտիվություն են բերում դպրոցների արձակուրդները, զուգահեռ՝ սոցիալական փաթեթների տուրիստական ծառայությունները:
Վլադիմիր Գևորգյան - Վերջերս ավիաընկերություններն էժանացրին Դուբայի տոմսերը, Եգիպտոս թռիչքները: Ինքնաթիռները գրեթե լիքն են:
Վատ չէր լինի, որ Հայաստանից թռչող ինքնաթիռները Հայաստան վերադառնային ավելի շատ զբոսաշրջիկներով: Տուրիստական ընկերությունը հանգիստը դրսում նախընտրողներին հիշեցնում է չմոռանալ ներքին տուրիզմը զարգացնելու մասին: