Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը գործընկերներին ու հանդիսատեսին շնորհավորել է
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
«Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք մեր մեջ հաղթահարելու ծանր ու դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին: Դրա վկայությունն են իրար հաջորդող պրեմիերաներն ու լեփ-լեցուն դահլիճները: Թատրոնի մոգական ուժը, առավել քան երբեք, պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել, պարտավորեցնում է ամեն գնով բաց պահել վարագույրը, մշտապես վառել բեմի հեքիաթային լույսերը:
Եվ այդպես էլ կլինի, քանզի մեր ականավոր վարպետների կողքին այսօր վստահորեն քայլում են իրենց արդեն հաստատած, օր օրի մեզ հաճելիորեն զարմացնող վառ երիտասարդներ: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է: Մեկ անգամ ևս շնորհավոր, ուժ ու կորով մեզ բոլորիս»,- ասել է ՀԹԳՄ նախագահը: