Դվինի կենտրոնական թաղամասում այսօր ամրակայվում և մասնակի վերականգնվում են Սուրբ Գրիգոր կաթողիկե եկեղեցին, 5-րդ և 7-րդ դարերի կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատները:
Արմեն Հյուսիսյան (վերականգնող ճարտարապետ) - Սա 7-րդ դարի կաթողիկոսական պալատն է, որի հյուսիսային մասը համարյա ավարտված է, սյուները մասամբ տեղադրել ենք, մնացել ա արևմտյան հատվածի երկու սյունը, որը բարձրացվելու է մոտ 4 մ բարձրությամբ:
Պալատի ավերված սյուների տեղում տեղադրվել են նորերը, դրանցից երկուսի վրա կլինի Դվինի այցեքարտը դարձած խոյակի երկու օրինակ, բայց առանց զարդաքանդակի, իսկ իրականը իր տեղը կգտնի տաճարի կենտրոնում՝ որպես կարևոր ցուցանմուշ:
Արմեն Հյուսիսյան - Օգտագործում ենք նույն տուֆ քարը, ինչպես որ եղել է, լիցքը կատարում ենք բարդ կրաշաղախով:
Առաջնորդվում են վերականգնող ճարտարապետության կանոններով՝ վերականգնումն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են հարցերն ու ենթադրությունները: Հիմքերի ամրակայման համար ավանդական կրաշաղախին ավելացնում են հավելյալ լցանյութեր, բազալտի մանրաթելեր ու ջրամեկուսիչ նյութեր:
Լուսինե Իգիթյան (ԿԳՄՍՆ հուշարձանների վերականգնման գլխավոր մասնագետ) - Վերականգնման մեջ նաև օգտագործվում է նոր տաշուշար հասկացությունը, հնարավոր է՝ դու գտնես պեղման ընթացքում բեկորը, բայց օգտագործել հնարավոր չլինի, և դրա նման մեկը՝ նույն գույնի, նույն ստրուկտուրայի քարը կտրվում է:
Երբեմնի մայրաքաղաքի մասնակի վերականգնման աշխատանքները նախաձեռնվել են դեռևս 2016-ին՝ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վերականգնողական բուն աշխատանքները սկսել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Հովհաննես Սանամյան (Դվինի վերականգնողական աշխատանքների գլխավոր ճարտարապետ) - Քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ ամենաճիշտ որոշումը ամրակայումը և մասնակի վերականգնման աշխատանքներն են: Աշխատել ենք այնպիսի հետաքրքիր սիլուետներ ստանալ, որ և՛ հուշարձանը պահպանվի, և՛ որոշակի պատկերացում կազմվի այդ հուշարձանի մասին:
Աշխատանքներն այնպես են կատարում, որ զբոսաշրջիկների ու հնավայր այցելողների համար ընկալելի լինի հին կոթողների տեսքը, և հետագայում հնագիտական աշխատանքների համար խոչընդոտներ չառաջանան:
Արև Սամուելյան (Դվինի վերականգնողական աշխատանքների համակարգող) - Մեր երկիրը կարիք ունի, որ իսկապես մշակութային ժառանգությունն իսկապես լինի տնտեսության կայուն զարգացման գործոն: Դվինը բազմաշերտ հարուստ հուշարձան է, և այն արժանի է թանգարանացման: Արդյունքը արագ չի լինելու, կարևորը սկսելն է:
Վերականգնման և ամրակայման աշխատանքներին զուգահեռ տարածքում իրականացվում է նաև հնագիտական վերահսկողություն:
Համլետ Պետրոսյան (հնագիտական արշավախմբի ղեկավար) - Ցանկացած ամրակայում, վերականգնում նշանակում է հողի որոշակի շերտերի հեռացում, որոշակի կառույցների տեղաշարժում և այլն, այդ ամենն արվում է հնագիտական վերահսկողության ներքո:
Պետրոսյանը հուսով է, որ Ֆլորենցիայի համալսարանի հետ համագործակցելով՝ շուտով կսկսեն նաև Դվինի շուկայի պեղումները, որի պես կառույց տարածաշրջանում չկա: Եթե ֆինանսավորումը շարունակվի, ապա Արարատի մարզը տուրիստական ևս մեկ կենտրոն կունենա՝ նշում է վերականգնողական աշխատանքների համակարգողը:
Արև Սամուելյան - Ներառված են նաև թանգարանային շենքը, տուրիստական կենտրոնը, բարեկարգման աշխատանքներն ամբողջ տարածքի, այսինքն՝ լուսավորությունը, ճանապարհները, ամբողջ տարածքը:
Հայաստանի 7-րդ մայրաքաղաքի վերականգնման աշխատանքներով զբաղվող թիմը վստահ է՝ շուտով Արարատի մարզում «Նոր Զվարթնոց» է ստեղծվելու: Ոչ մասնակի վերականգնված կոթողները դառնալու են տեղացիների և օտարերկրյա զբոսաշրջիկների սիրելի վայրը: