Ոստիկանության զորքերի ծառայող Մանուկ Իսախանյանը ծնվել է 1994 թ.՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում։ 2012-2014 թթ. ծառայել էր բանակում, իրականացրել մարտական հերթապահություն։ 2014 թ.-ից ոստիկանության զորքերում էր։ Ծառայակիցների հետ Տավուշում իրականացրել էր մարտական հերթապահություն։
Երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատերազմ, Մանուկ Իսախանյանը տագնապով գնաց զորամաս, իսկ սեպտեմբերի 29-ին մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը Մանուկն ու ծառայակիցները մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հետո Մանուկը մի քանի օրով եկել էր տուն։
Հարազատների խոսքով՝ չէր սիրում պատմել կամ խոսել ռազմի դաշտում տեղի ունեցածից։ Բոլորին հանգստացնում էր, հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մի քանի օր հանգստանալուց հետո Մանուկ Իսախանյանը կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ՝ Շուշի։
Նոյեմբերի 4-ից մասնակցեց Շուշիի պաշտպանական մարտերին։ Մի քանի օր կենաց-մահու կռիվ մղեցին թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Նոյեմբերի 7-ին Մանուկ Իսախանյանը զոհվեց Շուշի տանող ճանապարհին։
Օրեր անց պարզվեց, որ շրջափակման մեջ զոհվել էին բոլորը: Փա՛ռք անմահության ճանապարհ բռնած մեր բոլոր տղաներին։