Վարդան Պետրոսյանի «Մեր հոգսերի գարունը» ցուցահանդես-ներկայացումը, ըստ էության, 44-օրյա պատերազմի և հետպատերազմական շրջանում ծնված կամավորական շարժման արդյունք է: Այդ ժամանակ, երբ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը վերածվել էր կամավորական աշխատանքի շտաբի, որտեղ արվում էր ամենը Արցախի և բանակի համար, դերասանն ամենաակտիվ կամավորներից մեկն էր: Հենց այդ դժվար օրերին ծնվեց ցուցահանդեսի գաղափարը, որը հեղինակը նվիրել է կամավոր հայուհիներին:
Ցուցադրության երեք ՝ «Գարուն ա», «Գարուն ա, ձուն ա արել» և «Գողգոթա» բաժիններում հեղինակը խտացրել է իր ամբողջ ստեղծագործական կյանքը: Առաջինը երիտասարդական մաքսիմալիզմով ու իմպրեսիոնիստական գունեղությամբ լեցուն շրջանն է:
Ընդամենը 21 տարեկանում դերասանը նկատել է, որ փոխվում են իր գույները, տրամադրությունները, աշխարհընկալումը: Հետադարձ հայացքով փաստում է՝ շատ շուտ հասունացավ, ճանաչեց իրական կյանքը, և ծնվեց «Գարուն ա, ձուն ա արել» շարքը, որին հետևեց մեծ դադարը: Գրեթե 30 տարի դերասանը չի նկարել. վրձինը ձեռքն է առել միայն 50-ից հետո, երբ իր և մեր ժողովրդի կյանքում սկսվեց մեծ ցնցումների շրջանը: Վստահ է՝ տառապանքն է մարդեղության ճանապարհը:
Իսկ դերասանի գլխում արդեն նոր ներկայացման պատառիկներն ու դրվագներն են. դարձյալ պատմություն է մարդ մնալու տառապագին ճանապարհի մասին, բայց այժմ դեռ այն չի ներկայացնի հանդիսատեսին. ասում է՝ ամեն ներկայացում իր ժամանակն ունի: