Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին՝ ժամը 20:30-21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
Հիշեցնենք՝ այսօր ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի ժամը» համաշխարհային խոշորագույն նախաձեռնությունը՝ ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման:
«Երկրի ժամը» նախաձեռնությունն առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին․ նման միջոցառմամբ շեշտվում է ռեսուրսների խնայողաբար օգտագործման, բնության հետ ներդաշնակության հասնելու, էներգիայի արդյունավետ օգտագործման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:
Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները: