2021-ը պետք է վերագործարկման տարի համարենք, որովհետև 2020-ը խաթարեց զարգացման հետ կապված մեր բոլոր պլանները: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով՝ 2021-ին ոչ միայն սկսվել է պետական և համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, այլև ներդրումային հնարավորություններին վերաբերող բանակցությունները:
Մարզպետը վստահեցրեց, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները լավատես են և հստակ գործնական մոտեցումներ ունեն, և, ըստ նրա, շատ կարևոր է, որ բոլորը գիտակցում են, որ 2020-ի ծանր տարվանից հետո մեզ պետք է ոտքի կանգնել և արագ զարգացնել երկիրը:
«Այս տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի ծավալը 32 տոկոսով գերազանցում է 2020-ին փաստացի իրականացված ծրագիրը: 2021-ի համար կանխատեսել ենք 44 մլրդ դրամի ներդրումային ծավալ, որի մեջ մասնավորի ներդրումը կկազմի 7 մլրդ դոլար, ուղղությունները՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, արդյունաբերություն»,- ընդգծեց Չոբանյանը:
Մարզպետը նշեց, որ 2020-ին, չնայած ծանր տարվան, Տավուշի մարզում մի քանի տեքստիլ ձեռնարկություններ են ստեղծվել և հիմա մեծացնում են հնարավորությունները:
«Հիմա աշխատում ենք ներդրողների հետ, և Տավուշի սահմանների վերաբերյալ հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում ներդրումների վրա: Կան ներդրողներ, որոնք կասեցրել են իրենց գործունեությունն այդ լուրերի տարածման պատճառով: Ինչքան էլ մենք հավաստիացնում ենք, նրանք, ովքեր Հայաստանից դուրս են ապրում, երկրում ընթացող իրադարձություններին զգայուն են վերաբերվում»,- նշեց նա:
Չոբանյանը վստահեցրեց, որ 2021-ին աննախադեպ ծրագրեր են իրականացվելու ոռոգման համակարգերի վերականգնման ուղղությամբ:
«Դա վերաբերում է մեր ջրամբարների ջրերի օգտագործմանը, որոնք գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին՝ ցածրադիր գոտում, և այդ ջրերը չէին օգտագործվում: Այս տարի պետական-մասնավոր համագործակցությամբ պետք է վերականգնվեն բոլոր քայքայված համակարգերը, ստեղծվեն նոր համակարգեր, որոնք մեր ժողովրդի համար մեծ նշանակություն կունենան»,- ասաց մարզպետը: