Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ՝ նրա հայտարարության առնչությամբ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ինքը՝ մարզպետը:
Նշենք՝ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի էջում գրել էր. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել` ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»:
«Դա շատ նուրբ թեմա է, և եթե ես ներդրող եմ, և որևէ մեկը սուտ է տարածում, որ մարզում ադրբեջանցիներ կան, այդ տարածքները հանձնվում են թշնամուն, ես պետք է հրաժարվեմ ներդրումից: Մենք հատիկ-հատիկ քարերով ամրոց ենք կառուցում, բայց նման հայտարարություններով մի ամբողջ պատ քանդում են: Պատասխանատվությունը պետք է լինի ոչ միայն տավուշցունը, մարզպետինը, այլև պետական պաշտոնյաներինը, այլև հանրային կարծիք ձևավորող բոլոր ինստիտուտներինը: Պետք է հասկանանք, որ դա վնաս է մեր հանրապետությանը»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ Բագրատյանի հայտարարությունից հետո ներդրողը հրաժարվել է անասնապահության ոլորտում 4 մլն դոլարի ներդրումից:
Չոբանյանի խոսքով՝ նման հայտարարությունները ոչ միայն ազդում են տնտեսական բաղադրիչի վրա, այլև ունեն լուրջ անվտանգային նշանակություն, քանի որ մարզում մարդիկ ապրում են իրական վտանգի պայմաններում, և չի կարելի նրանց հաշվին պոպուլիստական հայտարարություններ անել: