Տավուշն սկսում է վերագործարկել պատերազմի ընդհատած տնտեսական զարգացման ծրագրերը: Հնգամյա ռազմավարությանը նվիրված 2-րդ համաժողովն է, առաջին մեծ քննարկումը՝ պատերազմից հետո:
Հայաստանի համար ծանր հետպատերազմյան ժամանակաշրջանում Տավուշի մարզը ևս փորձում է վերացնել աստիճանաբար պատերազմի հետևանքներն ու ավելին՝ թռիչքային տնտեսական զարգացում ապահովել: Դա իրականացնելու համար է այսօրվա քննարկումը դոնոր կազմակերպությունների և ներդրողների հետ: Իսկ Տավուշի երեք առաջնահերթյուններն ամրագրված են նաև տարբերանշանի վրա՝ բնապահպանություն, կրթություն և զբոսաշրջություն:
Ծրագրերն այս տարի 32 տոկոսով կգերազանցեն 2020-ի ցուցանիշը: Նախատեսված է 44 միլիարդ դրամի ներդրում: Առաջնային ուղղություններն են գյուղատնտեսությունը, տուրիզմը, արդյունաբերությունը: Համավարակն անգամ չի խանգարել, որպեսզի մարզում բացվեն տեքստիլ ձեռնարկություններ:
Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ - Օգտագործում ենք գյուղատնտեսական հողերի շատ փոքր մասը, ավելին՝ ոռոգում ենք այդ հողերի չնչին մասը՝ ընդամենը 4500 հա: 2021-ին կիրականացվեն աննախադեպ ծրագրեր ոռոգման համակարգերի վերականգնման առումով:
Ոռոգման համակարգերը կստեղծվեն՝ օգտագործելով ադրբեջանական սահմանին մոտ գտնվող ջրամբարները: Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված գործակցությամբ: Խոսքը Բերքաբերի, Պառավաքարի, Տավուշի, Խնձորուտի ջրամբարների մասին է:
Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց՝ Կառավարությունն ունի ծրագրեր՝ ներդրումային միջավայրի բարելավման, գյուղերում տնտեսական ակտիվության մեծացման ու համայնքների ուժեղացման համար:
Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Այս տարի սկսում ենք սուբինվեստիցիոն ծրագրերը: Սկսելու ենք ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, որպեսզի հասարակ մարդկանց ավելի հասանելի լինեն կապիտալը և գիտելիքը, ինչի արդյունքում նրանց համար բիզնես անելու համար փողը չի լինի ամենամեծ խոչընդոտը:
ԵՄ-ն կշարունակի աջակցել մարզի զարգացման ծրագրերին: ՄԱԿ-ի մշտական համակարգողը Տավուշը համարեց դժվարությունների հաղթահարման ու առաջընթացի մոդել: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ներկայացուցիչը խոսեց Տավուշ-Արցախ կրթական գործակցությունից:
2021-ին մարզում կվերակառուցվի 10-ը, կկառուցվի 3 նոր կրթական հաստատություն: