Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Նման որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի դիմումի հիման վրա:
Դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ դիրքորոշում կհայտնեն ակտն ստանալուց ու ամբողջությամբ դրան ծանոթանալուց հետո: Մինչ դատախազությունն սպասում է ակտին՝ Քոչարյանի փաստաբանը հայտարարում է.
Արամ Վարդևանյան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան - Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է, և ՍԴ-ի որոշման ուժով բոլոր ակտերը, որոնք վերաբերվում են այդ հոդվածին, ընդունման պահից ի վեր, ուժ չունեն, Քրեական օրենսգրքում այլևս այդպիսի հոդված չկա:
Բարձր դատարանի որոշումը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում, ինչից հետո Քոչարյանի փաստաբանները միջնորդություն կներկայացնեն դատարան՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
2008 թվականին տեղի է ունեցել հանցանք, և քրեական գործը չի կարող դադարեցվել: Ռոբերը Քոչարյանին և մյուսներին քննչական մարմինը պետք է մեղադրանք առաջադրի այլ հոդվածով՝ «Լուրերի» հետ զրույցում հայտարարել է «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Սեդա Սաֆարյան, «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների փաստաբան - Ես համակարծիք չեմ պաշտպանության կողմի տեսակետի հետ, թե չկա հոդված, չկա հանցանք: Ես գտնում եմ, որ կա հանցագործության դեպք, և դրան ամբաստանյալների ուղղակի առնչություն: Եվ դա չի դրսևորվել ուղղակի ՍԴ կարգի տապալումով: Դա դրսևորվել է զինված խմբավորումների հետ համագործակցությամբ և նրանց կողմից բազմաթիվ գործողությունների կատարմամբ: Գործը պետք է քննվի, և չի կարող հանցագործության դեպքը ապաքրեակացվել միայն այն առումով, որ ՍԴ-ն ճանաչել է այդ հոդվածը հակասահմանադրական, այն էլ ոչ համոզիչ փաստարկներով:
Ըստ Սաֆարյանի՝ մեղադրական եզրակացությունը դատախազությունը պետք է լրացներ Քրեական օրենսգրքի 223 հոդվածով, այն է՝ «Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը»: