Տեսակոնֆերանսի ձևաչափով ԵՄ գագաթնաժողովում ելույթ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և անդրադարձել հիմնականում կորոնավիրուսի ու պատվաստանյութի թեմային՝ հայտնում է Reuters-ը:
Բարձրաստիճան պաշտոնյան հրապարակել է հետևյալ տվյալները. Եվրամիության 27 պետություն երեք ամսվա ընթացքում ստացել է պատվաստանյութի 88 միլիոն չափաբաժին, օգտագործել 62 միլիոնը, գրեթե 18 միլիոն մարդ պատվաստվել է երկու դեղաչափով, ինչը կազմում է ԵՄ ընդհանուր բնակչության 4.1%-ը:
Գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են, որ պատվաստումների տեմպը դանդաղ է: Նշվել է նաև, որ Մեծ Բրիտանիան պատվաստանյութի մեկ սրվակ անգամ չի մատակարարել ԵՄ-ին:
Հայտարարություններն արվել են AstraZeneca-ի հետ կապված նոր սկանդալի ֆոնին: ԵՄ-ն պայմանագիր է կնքել շվեդա-բրիտանական ընկերության հետ՝ 400 միլիոն չափաբաժին ստանալու համար, սակայն, ըստ միության, ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները: