Արագ բազմացող ու եկամտաբեր․ ճագարաբուծությունը Հայաստանում կարող է դառնալ զարգացող բիզնես։ Կալիֆոռնիական ճագարների եկամտաբերության հարցում փորձում է համոզվել նախկինում տուրիզմով զբաղվող Նվեր Ավետիսյանը։
Նվեր Ավետիսյան - Եթե չեմ սխալվում, սրանք մսամորթատու են, միսը՝ որպես դելիկատես: Ասում են՝ փափկահամ է, մորթին էլ, բնականաբար, օգտագործվում է։
Ճագարաբուծությունն անթափոն բիզնես է, նույնիսկ գոմաղբը համարվում է կենսաբանական լավագույն պարարտանյութներից մեկը: Որպեսզի ճագարաբուծությունը զարգանա ու տարածվի, Կոտայքում և Արագոծոտնում սոցիալապես անապահով 20 ընտանիքի «Ապագա» բարեգործական հիմնադրամն անվճար 20-ական ճագար կտրամադրի։ Սոցիալական ծրագրի պայմաններն առաջինը ներկայացրել են Կոտայքում։
Տաթև Այրումյան, «Ապագա» բարեգործական հիմնադրամի տնօրեն - Բոլոր ընտանիքները, ովքեր ներգրավված կլինեն ծրագրում, առաջին տարին՝ արդեն երեք-չորս ամիս անց, կստանան 100 հազարից 120 հազար դրամ մաքուր եկամուտ։
Ոչ միայն ճագարները, այլև բները, կերն ու պահման խորհրդատվությունը ևս կլինեն անվճար։ Ծրագրից կօգտվեն բազմազավակ և կայուն եկամուտ չունեցող ընտանիքները։ Մինչև ճագարները կբազմանան, շուրջ մեկ տարի վերահսկողությունը խիստ կլինի։ Ճագարաբուծությունում հմտացած Դավիթ Դավթյանը վստահ է՝ եկամուտը կարճ ժամանակում են տեսնելու։
Դավիթ Դավթյան, ֆերմեր - Մեկնարկից կես տարի անց մարդիկ եկամուտ կունենան։ Ճագարը մոտ մեկ ամիս հարմարվում է, մեկ ամիս հետո արդեն ձագ ենք ստանում: Երեք ամիս հետո ձագերը կմեծանան, նրանց արդեն կարելի է վաճառել մսի տեսքով և ոչ միայն։
Ճագարները կարող են վաճառել նաև որպես տոհմային կենդանիներ։ Հիմա կառուցվում է ճագարների համար սպանդանոց։ Ծրագրի նախաձեռնողները պատրաստ են աջակցել նաև մսի, մորթու, գոմաղբից ստացված պարարտանյութի իրացման հարցում։