Տևական դադարից հետո ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները: 2021 թվականի առաջին նիստը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցը` կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն աշխարհում և Հայաստանում, կատարված աշխատանքը և անելիքները, ներկայացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցը հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում շատ կարևոր է, ուստի ներկաներին առաջարկել է կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը:
Հանդիպման ընթացքում քննարկել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, առողջապահության նախարարության կողմից կատարված աշխատանքները, առկա խնդիրները, պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունները, թեստերի ու կրկնավարակի շուրջ ստեղծված մտահոգությունները, անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև համակարգային մոտեցում պահանջող այլ հարցեր:
Հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել նաև կառուցողական առաջարկներով:
Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար, առաջարկել ոլորտի գործունեության վերաբերյալ ընթացիկ և մտահոգող հարցերը բարձրաձայնել` անկախ հանդիպումների հաճախականությունից: