Ինչ ընտրակարգով էլ լինի, «Լուսավոր Հայաստանն» արտահերթի է գնում հաղթելու նպատակով՝ հայտարարում է խորհրդարանական երրորդ ուժի քարտուղարը։ «Լուսավորում» հաշվարկել են, գիտեն, թե ում ձայների վրա են խաղադրույք անելու։
Այդ 50 տոկոսի ձայնն ստանալու հավակնություն ունեցող «Լուսավորում», սակայն, դեմ են ընտրակարգը փոխելուն, պնդում են՝ խաղի ընթացքում կանոններ փոխել չի կարելի։ Ռեյտինգայինից հրաժարվելու ու փակ համամասնական ցուցակով արտահերթի գնալու որոշման մասին վարչապետը հայտարարեց երկու օր առաջ ու նշեց, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն իր հետ հանդիպմանը չեն առարկել օրենսգրքի փոփոխությանը, այն թողել են իշխանության հայեցողությանը՝ չցանկանալով կիսել քաղաքական պատասխանատվությունը։
Իշխող խմբակցությունից, մինչդեռ, հակադաձում են՝ ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը քննարկվում է արդեն երկար ժամանակ ու սրա մեջ որևէ անակնկալ բան չկա։ Կարգը պարզեցվում է, «Իմ քայլն» էլ, ամեն պարագայում, կփորձի այս հարցում էլ կոնսենսուսի հասնել։
Վարկանշային ցուցակներից հրաժարվելը եղել է իշխանության ստանձնած պարտավորությունը՝ հիշեցնում են «Իմ քայլի» պատգամավորները, ընդգծում, որ ռեյտինգայինին դեմ էին նաև արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիական հասարակությունը։ Փոփոխությունն արվում է երկարաժամկետ կտրվածքով, ոչ թե միայն հունիսյանի համար՝ ասում է «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը։
Ի դեպ Մարուքյանի՝ 2018-ի հայտարարության մասին. այն ժամանակ, որպես «Ելք» դաշինքի պատգամավոր, նա հանդես էր գալիս ռեյտինգային համակարգը վերացնելու օգտին։ Նախկին ու այսօրվա հայտարարությունների միջև տարբերությունը բացատրեց, խմբակցության ղեկավարի հայտարարությունը մեկնաբանեց «Լուսավորից» Գուրգեն Բաղդասարյանը։
Ճեպազրույցի եկած «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն այսօր այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ընտրական օրենսգրքի մասին ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ծառուկյանը։ Չհստակեցրեց նաև, թե ԲՀԿ-ի համար որ պայմաններն են ընդունելի։
Վերահսկելու են, որ բացառեն վարչական ռեսուրսի կիրառումը՝ նշեց Զոհրաբյանը՝ այս հարցում որպես գործընկեր դիտարկելով ընդդիմադիր մյուս ուժերին։
Զոհրաբյանը վստահ է՝ կլինի գործող ընտրակարգը, թե նորը, ԲՀԿ-ն ունի այնքան վստահության, որ կարող է ստանալ իր համակիրների քվեն։ Իրենք ընտրության են գնալու առանձին, Ծառուկյանի գլխավորությամբ, հաղթելու մտադրությամբ։