Ուշադրություն. կեղծիքն ու խաբեությունը համացանցում հաճախակի են դարձել։ Վերջին օրերին անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում ահազանգերն ավելանում են։ Հեշտ գումար աշխատելու առաջարկներով փորձում են գողանալ անձնական տվյալներ։
Գևորգ Հայրապետյան (ՀՀ արդարադատության նախարարության ԱՏՊԳ-ղեկավար) - Մոտավորապես այնպիսին է առաջարկը, որ հեռախոսում որևէ ծրագիր տեղադրելով մարդը կարող է առանց որևէ ջանք թափելու գումար աշխատել։ Հեռախոսում ծրագիրը տեղադրելու պատրվակով մարդուց վերցնում են էլեկտրոնային հասցեն և կարգավորումներ տալու պատրվակով տիրանում գաղտնաբառին։
Քաղաքացու էջին տիրանալուց հետո ընկերներից նույնիսկ գումար է կորզել։ Խնդրել են զինվորի համար այս կամ այն հաշվին գումար փոխանցել։ Գործակալության պետը հորդորում է՝ ամեն դեպքում ընկերոջից ճշտել ստացված նամակի իսկությունը։
Գևորգ Հայրապետյան - Եթե հաղորդագրություն եք ստանում ծանոթից, կամ զգայուն տվյալներ է ուզում կամ ինչ-որ այնպիսի տարօրինակ բան, որը նա, ըստ Ձեզ, չէր անի, ճիշտը միշտ կապի այլընտրանքային միջոցով զանգել և ճշտել՝ իսկապե՞ս ինքն է, թե՞ ոչ։
Կեղծիքները հմտորեն են արվում, զգուշացնում է գործակալության պետը։ Դրանք պատահում են տարբեր սոցիալական հարթակներում։ Կազմակերպությունների անունից հաճախ ակցիաների հաղորդագրություններ են ուղարկում, փոխարենը պահանջում չնչին գումար վճարել՝ ասենք 2000 դրամ։
Գևորգ Հայրապետյան - Փորձել են հանդես գալ «Իդրամի» առցանց դրամապանակի անունից: Մեր գործընկերների հետ «Իդրամի» խորհրդակցելուց հետո հայտարարության մեջ նշեցինք, որ այդպիսի ակցիա չկա, և դա հասարակ կեղծիք է։
Դեպքերով արդեն նյութեր են նախապատրաստվում ոստիկանությանը փոխանցելու համար։ Իսկ եթե չեք ցանկանում խաբվածի դերում հայտնվել, և գործն էլ ոստիկանություն հասնի, անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավարը հորդորում է․ ոչ մի դեպքում մի՛ տրամադրեք Ձեր գաղտնաբառը այլ մարդկանց, օգտագործեք բարդ գաղտնաբառ, նույնը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում, միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, կասկածով մոտեցեք բոլոր առաջարկներին։