Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ գրում է ermenihaber-ը։
Աքարը նշել է, որ այդ հարցն օրակարգում է հայտնվում մարտ և ապրիլ ամիսներին: Կրկնելով Թուրքիայի իշխանությունների նույնաբովանդակ մտքերը՝ նա ասել է, որ այդ հարցի շուրջ իրենք բազմիցս խոսել են, քննարկել ու պատմել և շարունակելու են պատմել:
Աքարը պնդել է, որ թեմայի վերաբերյալ ԱՄՆ ազգային արխիվում գրավոր տեղեկություններ կան, և բոլոր մտավորականներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել ուսումնասիրել այդ արխիվները:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 37 սենատոր միացել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով հետևել Կոնգրեսին ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականի նախընտրական քարոզարշավի շրջանակում, նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: