ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար ներգրավելու են գիտական հանրությանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ երկրների ագրարային բուհերի ասոցիացիա, որն իրականացնելու է պրոֆիլային առաջարկությունների պատրաստումը և կնպաստի Միության երկրներում, ինչպես նաև հանձնաժողովի հետ գիտական և ակադեմիական շրջանակների գյուղատնտեսական ձեռնարկությունների, սպառողների հետ ավելի սերտ համագործակցությանը: Այդ նպատակով առաջին քայլը լինելու է ռուսական հայտնի ագրարային ինստիտուտի հետ համագործակցությունը:
Միխայիլ Մյասնիկովիչ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ) - «Տիմիրյազևկան» շատ լավ հարաբերությունների մեջ է բելառուսական, հայկական, ղազախական, ղրղզական ագրարային համալսարանների հետ, այնպես որ արդեն ներգրավված է ԵԱՏՄ շրջանակներում: Մենք շոշափեցինք համագործակցության հիմնական մոտեցումները: Դրանցից առավել կարևորը պարենային անվտանգության ապահովումն է, այստեղ անհրաժեշտ է փոխլրացնող մասնագիտացում, որովհետև, ճիշտ է, ռեսուրսները բավարար են, բայց անհրաժեշտ է որոշել դրանց բաշխումը:
Հատուկ ուշադրության են արժանանալու ԵԱՏՄ պարենային անվտանգության հարցերը: Այսօր Եվրասիական տնտեսական միությունն, ընդհանուր առմամբ, ամբողջությամբ ապահովում է իրեն հիմնական սննդամթերքով: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարի կարծիքով, սակայն, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ոչ միայն քանակական ցուցանիշների բարելավման նպատակով, այլ նաև անասնաբուծության ու գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության ոլորտում արդյունավետության բարձրացման համար: Նոր նախագիծը ԵԱՏՄ երկրների ուսանողներին հնարավորություն է ընձեռելու սովորելու առավել ուժեղ մասնագիտացում ունեցող բուհերում: Արդյունավետորեն լուծվելու են ոչ միայն մասնագիտական հարցերը, այլև ամրապնդվելու են միջմշակութային կապերը,- ասել են կոլեգիայի անդամները:
Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար) - Ագրարային կրթությունն ու գիտությունը մեծ նշանակություն ունեն ԵԱՏՄ ընդհանուր ագրարային շուկայի ձևավորման և զարգացման հարցում: Այդ կապակցությամբ երկրների ինտեգրացիան կրթության և գիտության հիման վրա մեծ հեռանկարներ ունի: Պատահական չէ, որ մենք այս տարի նոր՝ ակադեմիական շարժունակության մտահղացմամբ ենք հանդես գալիս, մեր խոր համոզմամբ, Տիմիրյազևի անվան ակադեմիան կարող է դառնալ այն խարիսխը, որի շուրջ էլ այն կստեղծվի:
Այժմ ԵՏՀ-ն մշակում է Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզը, որը ներառում է երկրներում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում խոշոր ներդրումային և նորարարական նախագծերի մասին տեղեկատվությունը: 2025-ի ռազմավարության առանցքում տոհմային անասնաբուծության զարգացումն է և երկրների ագրոարդյունաբերական համալիրների մրցունակության բարձրացման համար տոհմային արտադրանքի փոխադարձ առևտրում սահմանափակումների նվազեցումը, ներմուծման կախվածության մակարդակի նվազեցումը: Աշխատանքներ են իրականացվում սերմերի միասնական շուկայի ձևավորման ուղղությամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցությունը, ռեկտորի խոսքով, կնպաստի ԵԱՏՄ պետությունների գիտակրթական կազմակերպությունների հետ ակադեմիայի և այլ ռուսական ագրարային բուհերի համագործակցության զարգացմանը
Վլադիմիր Տրուխաչև (Ռուսաստանի՝ Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանի ռեկտոր) - Մենք կմիավորենք բոլոր ագրարային բուհերը: Նրանք բոլորն այսուհետ առավել նպատակային կաշխատեն մեր պետությունների էկոնոմիկայի համար: Կարող ենք միավորել մեր գիտական ու կրթական ներուժը՝ ուղղորդելով այն ակադեմիական շարժունակությանը, մեր բուհերի միջև կապերի ստեղծմանը:
ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի տնտեսության հեռանկարային շարժիչ ուժը դառնում է օրգանական գյուղատնտեսությունը։ Միության պետությունների ռազմավարական առավելությունն այն է, որ նրանք ապահովված են բնական և մարդկային ռեսուրսներով՝ ամբողջ աշխարհում էկոլոգիապես մաքուր, որակյալ սննդի աճող պահանջվածության ֆոնին,- շեշտում են մասնագետները: