Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, ծառայության կողմից անցկացված ստուգումների արդյունքների, հայտնաբերված թերացումների, զորամասերում և առանձին ստորաբաժանումներում արձանագրված բացթողումների վերաբերյալ։
Ներկայացվել են նաև զորքերի մարտական պատրաստության, թիկունքային ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված խնդիրներին և անձնակազմի մարտունակությանը վերաբերող հարցեր, արձանագրված թերացումների վերացմանը միտված առաջարկներ։
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ռազմական վերահսկողական ծառայության դերակատարումը զինված ուժերի մարտունակության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում: Ծառայության անձնակազմի հետ զրույցում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի ենթակառուցվածքների վերականգնման, վերազինման և արդիականացման գործընթացում նաև ռազմական գիտության զարգացման անհրաժեշտությունը, նշել, որ այս ուղղությամբ իրականացվելու են համալիր միջոցառումներ զինված ուժերում կադրային քաղաքականությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։