Ֆրանսիայի անվտանգության ուժերը տարհանել են հարյուրավոր միգրանտների, որոնք ավելի քան 300 վրան էին տեղադրել Փարիզի Հանրապետության հրապարակում՝ տեղեկացնում է euronews-ը: Վրանային ճամբարը ստեղծվել է մի շարք ասոցիացիաների աջակցությամբ, որոնք իշխանություններից պահանջում են արժանավայել բնակարաններով ապահովել ապաստան հայցողներին: Նրանց գործողությունը կոչվում էր «Համերաշխության գիշեր»:
Նման ակցիա առաջին անգամ չէ, որ անցկացվում է Փարիզում: Անցյալ տարվա նոյեմբերին նույն հրապարակում տեղակայված վրանային ճամբարը ոստիկանության ուժերը ցրեցին ուժի կիրառմամբ, ինչը ցնցեց ամբողջ Ֆրանսիան: Այս անգամ տարհանումը խաղաղ է անցել: Կեսգիշերից անմիջապես հետո իշխանությունները սկսել են անօթևան միգրանտներին տեղավորելու գործողությունը, ավտոբուսներով մարդկանց տեղափոխել են արագ արձագանքման ծառայություն: