Երեկ Ասկերանի շրջանում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյունից զինծառայողները քարերով հարվածել են հայկական մեքենաներին, վնասվել է մեքենաներից մեկի դիմապակին: Արցախի կողմն արդեն իսկ միջադեպի վերաբերյալ տեղյակ է պահել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Լուսինե Ավանեսյան (Արցախի նախագահի մամուլի խոսնակ) - «Միջադեպը մենք, բնականաբար, դատապարտում ենք և դա դիտարկում ենք որպես Արցախի իրավական կարգի, այնպես էլ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարագրի խախտում ու, բնականաբար, այդ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարի ուշադրությունն ենք հրավիրում տեղի ունեցածի վրա»:
Հունան Թադևոսյան (Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ) - «Խնդիրն այս դեպքում ոչ թե վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նման դեպքերի բացառումը: Այսօր ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը լուսանկարները և կից ռուսերեն բացատրությունը ներկայացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ Մուրադովին, ով խոստացել է, որ դեպքի բոլոր մանրամասները կպարզվեն, և այսուհետ հնարավոր ամեն ինչ կանեն նման դեպքերը բացառելու համար»: