ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ:
ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու և բաշխելու մասին նախագիծը:
Ասպիրանտական տեղերի հատկացման նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային կարևորության ոլորտները: Մասնավորապես, նախապատվությունը տրվել է բնագիտական տեխնիկական, առողջապահական և այլ ոլորտներին: Այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 9 հեռակա անվճար ուսուցման տեղեր:
Կարևորվել է նաև բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների տարիքային շեմը` առաջնային դիտարկելով 65-ից բարձր տարիքի կադրերի փոխարինումը երիտասարդներով:
Միաժամանակ կատարվել է նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծություն:
Նախագծով առաջարկվում է ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերի բաշխումը վերապահել ԿԳՄՍ նախարարությանը` հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: Առաջնահերթությունը կտրվի մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին` ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում պահպանելով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման պահանջները:
Նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 3-ն է: