BBC-ն ահազանգում է. Ադրբեջանը ոչնչացրել է Մեխակավանի Սբ. Աստվածածին եկեղեցին: «Քրիստոնեական եկեղեցու առեղծվածային անհետացումը» վերնագրով է BBC-ի՝ մոտ հինգ րոպե տևողությամբ ռեպորտաժը:
Լրագրող Ջոնահ Ֆիշերը պատմում է, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել է Մեխակավանի հայկական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը մինչև այդ պղծել էին ադրբեջանցի զինվորականները՝ փորձելով տապալել խաչը:
Լրագրողական թիմին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը հարցին, թե որտե՞ղ է եկեղեցին, պատասխանում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն: Բրիտանացի լրագրողն ինքնուրույն՝ հեռախոսի միջոցով տեղորոշում է եկեղեցու գտնվելու վայրը և օպերատորի հետ գնում այնտեղ:
Սակայն բլուրը, որի վրա ենթադրվում է, որ պետք է լիներ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, դատարկ է: Միայն գետնին թափված են քարեր, որոնք ենթադրաբար մնացել են եկեղեցուց: Ջոնահ Ֆիշերը համեմատում է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը և համոզվում, որ իրենք նույն վայրում են, միակ տարբերությունն այն է, որ եկեղեցին այլևս չկա: Հետո նույն նկարը ցույց է տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևին: Հաջիևն ասում է, որ տեղյակ չէ: Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն Ադրբեջանի իրականացրած մշակութային հանցագործության հերթական դեպքը դատապարտող հայտարարություն է տարածել «Թվիթերի» միկրոբլոգում։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իրականացրած մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում: Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով»:
Հանձնաժողովը հրապարակել է նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից եկեղեցու պղծման մասին վկայող տեսանյութ՝ նշելով, որ այն ավերումից առաջ նախ ենթարկվել էր վանդալիզմի: