Մարտի 25-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը: Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրոպական միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրինության բաժնի պետի տեղակալ Մարկո Դյերկոպը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:
Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի 237-րդ հոդվածով ամրագրված՝ «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման գործընթացին առնչվող հարցեր ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են մարտի 24-ին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նիստի օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ-ի կողմից իրականացվող դիտանցմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները: