Ընտրական նոր օրենսգիրքն առաջին ընթերցմամբ օրենսդիրը կարող է քննարկել արդեն ապրիլի 13-ին մեկնարկող քառօրյայում ու մինչև մայիս ընդունել այն՝ այսօր հայտարարել է «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը։ Հունիսի 20-ի արտահերթին գնալ նոր ընտրակարգով, խմբակցության պատգամավորն իրատեսական է համարում, նշում՝ պրոցեսն ընթանում էր բնականոն հունով։
Համազասպ Դանիելյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Մայիսի սկիզբ առանց որևէ շտապողականության այս փոփոխությունները կարող են ընդունված լինել:
Երեկ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հայտարարեց՝ քննարկումների արդյունքում որոշել են ընտրությունն իրականացնել համամասնական ընտրակարգով՝ հրաժարվելով ռեյտինգայից։ Սա նշանակում է, որ մարդիկ ընտրելու են քաղաքական ուժին կամ դաշինքին, ոչ թե հայտնի անձերին։ Ու թեև Փաշինյանը երեկ վստահեցրեց, որ թե՛ «Լուսավորի», թե՛ «Բարգավաճի» ղեկավարներն իր հետ հանդիպման ժամանակ չեն առարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, այն թողել են իշխանության հայեցողությանը, խորհրդարանական երրորդ ուժից արձագանքեցին՝ դեմ են գործող խաղի կանոններ փոխելուն։ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգողը նկատում է՝ սպասվող փոփոխությունը նոր չէ, ու հատկապես խորհրդարանական ուժերը տեղյակ են մանրամասներին։ Ինչ վերաբերում է «Լուսավորին», Դանիելյանն ասում է՝ այդ ուժն ամեն անգամ նոր պատրվակ է գտնում, թե ինչու համաձայն չէ փոփոխություն կատարելուն։
Համազասպ Դանիելյան - Ընդհանրապես, դա ասող «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին ես խորհուրդ կտամ բացել Էդմոն Մարուքյանի ելույթը 2018 թ. աշնանը, երբ նա կողմ էր ռեյտինգայինը վերացնելուն և համամասնական ընտրակարգի անցնելուն, շատ ավելի կարճ ժամանակահատվածում արտահերթ ընտրություններից առաջ, և շատ ջանասիրաբար պաշտպանում էր այդ դիրքորոշումը և լսել այդ փաստարկները:
Ռեյտինգային համակարգը պահելն առաջին հերթին պետք է իշխանության համար շահեկան լիներ, քանի որ այն նպաստում է հենց իշխող ուժի հնարավորությունների ավելացմանը՝ շեշտում է Դանիելյանը, բայց հիմա այն հանելով՝ «Իմ քայլը» պահում է իր՝ դեռ 2018-ին տված խոստումը։ Ըստ պատգամավորի՝ մաքուր համամասնականի անցնելուն դեմ չէ «Բարգավաճ Հայաստանը», կողմ են մեկ տասնյակից ավելի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, նաև քաղաքացիական հասարակությունը։ Բայց եթե օրենսգիրքն ամբողջությամբ ընդունվի, դրա որոշ դրույթները հունիսյան արտահերթին չեն վերաբերի ու, ըստ Դանիելյանի, ուժի մեջ կմտնեն ավելի ուշ։
Ընտրական նոր օրենսգրքով փոխվելու են նաև կոալիցիոն կառավարություն կազմելու պայմանները։ Գործող կարգավորմամբ՝ եթե խորհրդարանում որևէ ուժ չի ստանում տեղերի 54 տոկոսը, ապա այն ընդամենը 6 օր ունի ևս երկու ուժի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար։ Նոր փոփոխությամբ հանվելու է թվերի սահմանափակումը՝ կոալիցիոն կառավարության ձևավորումը թողնելով քաղաքական ուժերի համաձայնությանը, երկարացվելու է նաև ժամկետը՝ 6 օրվա փոխարեն 3 շաբաթ։
Դանիելյանը նշեց՝ մոտ երկու շաբաթից կստանան նաև Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարծիքները նոր ընտրական օրենսգրքի մասին։