Վերլուծելով 2020 թ. մեկնարկած սիգի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի ընթացքը, կարևորելով դրա նպատակը՝ շրջակա միջավայրի նախարարությունն այսօրվանից մեկնարկում է արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը:
Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝
-
ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով.
-
ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար, որսը իրականացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը.
-
դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար.
-
ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք և ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից.
-
որսը կազմակերպվելու է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ժամային գրաֆիկի.
-
մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները.
-
մուտքի և ելքի ժամը, ստուգելու է որսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու է որսված ձկան քանակությունը։
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները մինչև ս.թ. ապրիլի 8-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը կարող են ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր: Դիմումը և հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝
http://env.am/am/post/5763
Այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը՝ դրանով կանխելով կապտականաչ ջրիմուռների ակտիվացումը։