Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ՝ 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը, ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Այս հարցում կարևոր է ոչ թե տարբեր մարմինների փակվել-բացվելը, այլ թե դրա արդյունքում որքանով է պետական համակարգի արդյունավետությունը բարձրանալու՝ վստահեցնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ռուստամ Բադասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվում է, որովհետև կոռուպցիոն հանցագործությունների քննությունը ենթադրում է որոշակի բարդություններ, ենթադրում է մասնագիտացում և նաև ենթադրում ա, որպեսզի քննիչներն ընտրվեն էլ ավելի բարդ պրոցեսով՝ բարեվարքություն ստուգվի, և այդ ընթացակարգերը, որ մրցույթով են, ենթադրում ա բարեվարքության ստուգում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության ներկայացում և այլն: Այդ բոլոր պրոցեսները կարգավորված են:
Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործառույթները ՀՔԾ-ից փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտեին: Ի դեպ, ՀՔԾ-ի տրամադրած տվյալներով՝ 2019-ին իրենց վարույթում քննված քրեական գործերի 56,2, իսկ 2020-ին՝ 69,5 տոկոսը եղել է կոռուպցիոն բնույթի: Հիմա գործը կքչանա, հետևաբար առանձին մարմին պահելու անհրաժեշտությունն էլ կվերանա՝ ընդգծում է Բադասյանը:
Ռուստամ Բադասյան - Մենք նաև այլ միջազգային կազմակերպություններից ունեինք առաջարկություններ, որ խոշտանգման դեպքերը, դրանք պաշտոնատար անձի կողմից ոչ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կարող են ենթադրել, քննվեն այնպիսի մարմնի կողմից, որը նաև օպերատիվ-հետախուզական ֆունկցիա կարող է իրականացնել: Այս առումով նպատակահարմար ենք գտել այդ գործառույթը փոխանցել ԱԱԾ-ի քննչականին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանն այլ դիրքորոշում ունի: Պնդում է՝ իշխանությունները փորձում են առանց այդ էլ բարդ համակարգն ավելի խճճել: Լուծումը կենտրոնացված քննչական մարմին ստեղծելու մեջ է տեսնում:
Տարոն Սիմոնյան (ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Եթե մենք ուզում ենք քննչական մարմինների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, ապա դա պետք է բերենք մեկ միասնական դաշտ և չպահենք այլ պետական մարմիններում նման գործառույթներ ունեցող այլ մարմիններ: Սա քաոտիկ կառավարման է տանում ավելի շատ:
Սիմոնյանը վստահ է՝ արդյունավետությունը չի բարձրանա, փոխարենը, մի որոշ ժամանակահատված պարզ չի լինի, որ կառույցն ինչով է զբաղվում:
Տարոն Սիմոնյան - Սա համակարգը ավելի լայն չպատկերացնելու, համակարգի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ սխալ քաղաքականության արդյունք է:
Այս ամենով կատարվում է գործառույթների խմբավորում՝ մտահոգություններին այդպես է պատասխանում արդարադատության նախարարը: Ոչ միայն գործի բաժանումը, այլև լուծարվող կառույցի աշխատակիցների ճակատագիրն է արդեն պարզ:
Ռուստամ Բադասյան - Անցումային դրույթով ՀՔԾ 20 քննիչներ նախնական տեղափոխվելու են հակակոռուպցիոն կոմիտե: Այնուհետև, բոլորի հետ հավասար հիմունքներով մրցույթի են մասնակցելու, որպեսզի վերջնական համարվեն Հակակոռուպցիոն կոմիտեի մշտական ծառայողներ: Կարծում եմ՝ մյուս բոլոր քննիչներն էլ ՀՔԾ-ի մյուս քննչականներում անպայման կշարունակեն պաշտոնավարումը:
ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի կոռուպցիոն գործեր քննելու գործառույթները ևս կանցնեն Հակակոռուպցիոն նորաստեղծ կոմիտեին: Ամենայն հավանականությամբ, այն կսկսի աշխատանքը հոկտեմբերից: