Լոռու մարզպետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արամ Խաչատրյանը: Ողջունելով ներկաներին և կարևորելով հանձնաժողովի գործունեությունը և համատեղ ջանքներով իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ մարզպետը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում են:
Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2020 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ է հանդես եկել հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա, մասնավորապես, անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում մարզպետարանի, համայնքապետարանների, սոցիալական աջակցության պետական կառույցների և հասարակական կազմակերպութոյւնների ջանքներով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մեղմման ուղղված ծրագրերին, անցկացված տարաբնույթ միջոցառումներին:
Հանձնաժողովի անդամ, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը բարձրաձայնել է Վանաձորի մի շարք հասարակական նշանակության կառույցների անմատչելիության խնդիրը, իսկ Կույրերի միության մարզային կառույցի ներկայացուցիչները՝ Երևանյան խճուղուց դեպի Նաիրի 1 շենք տանող բակային հատվածի բարեկարգման հրատապության խնդիրը, որից օգտվում են տեսողության խնդիրներ ունեցող անձինք: Խնդիրների լուծման ակնկալիքով հանձնաժողովը գրություն կներկայացնի Վանաձորի համայնքապետարան: Մարզպետ Արամ Խաչատրյանը շեշտել է, որ անձամբ հետամուտ կլինի խնդիրների շուտափույթ կարգավորմանը:
Վ. Ջաղինայնը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ այս տարվա մարտի 18-ին ընդունված «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը՝ շեշտելով որոշման կարևորությունը:
Այս համատեքստում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վագահն Մկրտչյանը հայտնել է, որ առաջիկայում Լոռու մարզպետարանի և Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ նախատեսվում է Վանաձորի բժշկական կենտրոնում բացել ֆիզիոթրապիայի բաժանմունք՝ հագեցած ամենաժամանակակից սարքավորումներով, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել հանձնաժողովի անդամների կողմից: Շեշտվել է նման ծառայության խիստ կարևորությունը հատկապես այժմ, երբ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած բազմաթիվ զինվորներ ունեն վերականգնողական օգնության կարիք: Ներկաները պատրաստակամություն են հայտնել տարբեր ծրագրերի միջոցով օգտակար լինել և աջակցել բաժանմունքի կայացմանը:
Կատարված աշխատանքների մասին համառոտ հաշվետվություններով են հանդես եկել, առաջիկա ծրագրերն են ներկայացրել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագրի Վանաձորի համակարգող Հասմիկ Հովսեփյանը, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, «Լուսաստղ» ՀԿ նախագահ Անի Գաբրիելյանը: