Կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ են կատարվել գնումների համակարգում:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ եթե մինչև այս պահը բանկային երաշխիք չէր պահանջվում միչև 10 միլիոն դրամ պետական գնումների պարագայում, այս շեմը հիմա բարձրանում ու դառնում է 25 միլիոն: Նախկինում տուժանքի տոկոսը 100 տոկոս էր, հիմա նվազեցվում է 15%: 25-70 միլիոն դրամ գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100-ից նվազեցվում է մինչև 15%: 70 միլիոն դրամից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100-ից նվազեցվում է մինչև 30%: 25 միլիոն դրամից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի կարելի է ներկայացնել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով նախագծով առաջարկված փոփոխությունները, հայտարարեց, թե 2021 թվականի համար, որը պետությունը վճարում է շահած ընկերությանը, մինչ օրս 20% էր առավելագույն կանխավճարի չափը, հիմա մեծացվում է՝ դառնալով 50%, 2022 թվականից կդառնա 30%:
«Եվ, ի վերջո, մասնակցի որակավորման ապահովման նպատակով երաշխիք չի պահանջվի այն ընկերություններից, որոնք ունեն միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից շնորհված ՀՀ-ին հավասար և ավելի երաշխիք: Հույս ունենք և համոզված ենք, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի»,- նշեց վարչապետը: