Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։
Ողջունելով իրաքյան պատվիրակությանը՝ նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-իրաքյան դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։
Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում սերտ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման գործում։
Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։
Նախարար Այվազյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով վերջինիս կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։
Այս համատեքստում ընդգծվեց հնարավոր ձևաչափերում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։