Հազարավոր բեռնատարներ ռուս-վրացական սահմանին արդեն մեկ ամիս է կանգնած են: Լարսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տասնյակ կիլոմետրերի հասնող հերթերը միայն մեկ ուղղությամբ չեն: Միջպետական երկու անցակետից 150-ի փոխարեն օրական անցնում է շուրջ 600 բեռնատար՝ ասում է Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդը.
Արամ Թանանյան, Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ - Յուրաքանչյուր օր միջինը հերթը երկարում է 5-7-10 կիլոմետրով և դա ոչ միայն այս կողմից, նույն պատկերը նաև Վրաստանի կողմից է: Հիմա Ռուսաստանի տարածքում շուրջ 1000 հայկական մեքենա կա, առաջացնում է վարորդների մոտ լարվածություն, նեղվածություն, անհանգստություն:
Միայն Օսեթիայի տարածքում շուրջ 50 կլիոմետրանոց հերթ կա, ևս 15 կիլոմետր էլ Վլադիկավկազ գնացող ճանապարհին է: Վարորդները վատ եղանակի պայմաններում գիշերները մեքենայում են լուսացնում՝ հույսով, որ հերթը մի օր էլ իրենց կհասնի:
Արամ Թանանյան - Վարորդների վիճակը, իհարկե, շատ վատ է, անելանելի, ես կասեի: Այնտեղ շարժական փոքր բաներ կան, սնունդ, ջուր վաճառում են, բայց դե դա հարցի լուծում չէ: Դուք պատկերացրեք՝ քամի, անձրև, ձյուն, սառնամանիք ու դու կանգնած ես, մեքենան էլ ռեսուրս ունի, չի կարող անընդհատ շարժիչն աշխատացնել, որ տաքանա, որ աշխատացնի ագրեկատորները:
Միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերություններն ուշի-ուշով հետևում են իրադարձությունների զարգացմանը: Գիտեն՝ սահմանին ինչ վիճակ է, բայց ստիպված են մեքենաները դեպի Ռուսաստան ճանապարհում, հակառակ դեպքում՝ խանութներում դեֆիցիտ կլինի:
Նորայր Գևորգյան, բեռնափոխադրում իրականացնող ընկերության համահիմնադիր - Հունվարից սկսած՝ մեր հաշվարկով մեքենան պիտի գնա գա 15 օրում, գնացել եկել է 30 օրում, կրկնակի ուշացել է: Եղանակի բաց լինելը չի ազդելու թողունակության վրա, ինչքան որ մենք ենք մտածում: Մեր մեքենաները բեռնված են սննդամթերքով և արդեն 16 օր կանգնած են:
Կանգնած են ոչ միայն հայկական, այլև վրացական, ադրբեջանական ու թուրքական մեքենաները: Արտահերթ բաց են թողնում միայն կենդանիներ, վառելիք ու սննդով բեռնվածները: Հայ վարորդները նաև ահազանգում են՝ Լարսի անցակետում առանց հիմնավոր պատճառի մարդկանց արտաքսում են: Գևորգը 40 օր առաջ է հայկական կոնյակը Մոսկվա տարել, հիմա չի կարողանում Հայաստան վերադառնալ:
Գևորգ Տիտանյան, վարորդ - Խնդիրը եղանակն է: Վարորդ կա, 45-րդ օրն է հերթի մեջ կանգնած: Հիմնականը վառելիքի խնդիրն է, սնունդի խնդիր է, հեռախոսի, ինտերնետի: Հիմա էլ հաց կբաժանեն, բայց դա օրվա մեջ մեկ անգամ կարող են կազմակերպել կամ երեք օրը մեկ անգամ:
Արամ Թանանյանն ասում է՝ Լարսի անցակետում ադրբեջանական ու թուրքական համարանիշով մեքենաները շատ քիչ են: Թուրքական բեռնատարներն անցնում են Վլադիկավկազը շրջանցող այլընտրանքային ճանապարհներով, և դա է պատճառը, որ վարորդների մոտ տպավորություն է, թե նրանք առանց հերթի են անցնում.
Արամ Թանանյան - Նրանք գնում են Մախաչկալայով, մտնում են Ադրբեջան, հետո մտնում են Վրաստան՝ հարթավայրային տարածքով, հետո գնում են Թուրքիա: Մյուս կողմից Ռուսաստանից մտնում են Եվրոպա, իջնում Հունաստան, հետո Թուրքիա:
Երկու երկրի միջպետական ճանապարհին մեքենաների կուտակման խնդիրը պատասխանատուները ոչ միայն վատ եղանակն են համարում, այլ միջինասիական երկրներն Արևմուտքին կապող ճանապարհային ծանրաբեռնվածությունը: Ցամաքով դեպի Թուրքիա ու Եվրոպա գնացող բեռների մեծ մասն անցնում է Ռուսաստանով ու Վրաստանով: