Իրենց կյանքում երկրորդ անգամ առաջին քայլերն է անում արցախյան պատերազմի ժամանակ ոտքերը կորցրած 8 զինվոր: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի պրոթեզարանը մեկնարկեց աշխատանքը:
Առայժմ առաջին համալսարանական կլինիկայի այս տարածքում կգործի պրոթեզարանը, մինչև հիմնական տարածքի նորոգումն ավարտվի: Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված ու անդամահատված, հերթում գտնվող բոլոր տղաները կպրոթեզավորվեն անվճար՝ աշխարհի լավագույն պրոթեզներով:
Արմեն Մուրադյան, ԵՊԲՀ ռեկտոր - Սա, անշուշտ, մեծ ուրախություն է և մեծ հպարտություն, որովհետև սա մեր սուրբ պարտքն է՝ տղաներին վերադարձնել իրենց ամբողջական կյանք, սոցիալական կյանք, տալ հնարավորություն աշխատելու, ընտանիքներ կազմելու: Հեռանկարները պետք է կարողանան այստեղից սկսած ձևավորել:
Արդեն 4 օր է Գևորգը փորձում է նոր ոտքին հարմարվել: Ամեն դեպքում՝ այսօր հարթ ու սահուն էր քայլում:
Գևորգ Իսունց - Չէի ասի, թե դժվար է: Եթե հարմարվում ես, հեշտ է: Աչքդ եթե վախեցրիր, չես կարող քայլել:
Հայկուհի Մինասյան, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն - Այս պահին սոցապ նախարարության հետ քննարկվում է միասնական ծրագիր անելու հարցը, որովհետև պետությունը հետաքրքրված է այս ամբողջ գործընթացի կազմակերպումով և մոտ ապագայում նախատեսվում է, որ մեծ թափով կսկսենք և առաջին 2-3 ամիսների ընթացքում այս խնդիրն ամբողջությամբ կլուծենք
Զինվորի տունն առաջիկայում ծրագրում կընդգրկի ոչ միայն Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, այլև մինչև այդ վիրավորված և ամպուտացված զինծառայողներին: Պրոթեզարանի աշխատանքների մեկնարկը հնարավոր է դարձել «Հայաստան» համահայկական և «Իմ քայլը» հիմնադրամների աջակցությամբ:
Հայկակ Արշամյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն - Հենց պատերազմի առաջին օրերին հիմնադրամն սկսեց բանակցություններ վարել տարբեր ընկերությունների հետ: Փորձեցինք հասկանալ, թե ո՞ր ընկերություններն են Հայաստանում զբաղվում պրոթեզավորմամբ: Պատերազմից հետո Հոլանդիայի մեր կառույցի հետ պայմանավորվեցինք, եկան Հայաստան, այցելեցինք Զինվորի տուն, քանի որ բարի համբավ ունի, որոշեցինք ծրագիրն այստեղից սկսել:
Հիմնադրամը մինչև օրս այս գործին է նվիրաբերել մոտ 1 մլն դոլար, բայց հայտարարել են. այս պատերազմի մասնակիցներին որքան պետք լինի, այնքան կաջակցեն: Մինչև օրս արտերկրից բերվել է մոտ 100 պրոթեզ:
Հայկակ Արշամյան - Պայմանավորվածություն կա, որ հիմնադրամը կապահովի զինվորների պրոթեզները, իսկ արդեն հետագայում սոցապ նախարարությունը կշարունակի նաև պրոթեզների խնամքը, որովհետև ինքը պահանջում է հետևողականություն, տարվա մեջ առնվազն մեկ-երկու անգամ պիտի գան, ստուգվեն, եթե պետք է՝ ինչ-որ մասեր ավելացնեն:
Ամեն դեպքում՝ տղաների համար անվճար կլինեն թե՛ պրոթեզները, թե՛ ծառայությունը: Տղաներին պրոթեզավորման ու պրոթեզ կրելու նրբություններին ծանոթացրել է Նիդեռլանդներից Հայաստան եկած մասնագետը: Երջանիկ է, որ տղաներն իրենց ոտքով են տուն գնում: Հերթում պրոթեզավորման կարիք ունեցող մոտ 120 երիտասարդ կա: