ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հավատարիմ մնալով ՀՀ առողջապահական համակարգին շարունակական օժանդակություն տրամադրելու իր սկզբունքին, գերժամանակակից ռենտգենոսկոպ է նվիրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին:
Նոր սարքավորումը հիվանդանոցին հնարավորություն կընձեռի արդյունավետ հետազոտության միջոցով տրամադրել առավել բարձր և որակյալ բժշկական ծառայություն` այդպիսով նպաստելով Վայոց ձորի առողջապահական համակարգի բարելավմանը:
Եղեգնաձորի ԲԿ-ի միջոցներով վերանորոգվել է նաև Ռադիոլոգիական բաժանմունքի ռենտգենոսկոպիայի սենյակը՝ ռենտգենոսկոպի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
Այսօր կայացած հանդիպման ընթացքում Եղեգնաձոր ԲԿ-ի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ կարևորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացված աջակցությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, ով նշել է, թե որքան կարևոր է համագործակցությունը տարբեր մարտահրավերների այս դժվարին ժամանակներում, և շնորհակալություն հայտնել բնակչության կողքին կանգնելու և հումանիտար օգնություն տրամադրելու համար: Նա ընդգծել է, որ տրամադրված ցանկացած օժանդակություն դա միայն ներդրում չէ, այլ քայլ է՝ ուղղված մարդկային կյանքեր փոխելուն, առողջության և կյանքի որակի բարելավմանը:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել համագործակցել մարզի առողջապահության ոլորտը բարելավելու գործում՝ հույս հայտնելով, որ հետագայում այդ համագործակցությունը կլինի ավելի բազմաբևեռ՝ ներառելով նոր ծրագրեր ինչպես Եղեգնաձորում, այնպես էլ Վայոց ձորի մարզի մյուս բուժհաստատություններում։