Կառավարության որոշմամբ երկարաձգվեց գյուղատնտեսական վարկերին վերաբերող հակաճգնաժամային երկրորդ միջոցառման ժամկետը:
«Այստեղ խոսքը մինչև 1 միլիոն դրամի վարկերի սուբսիդավորման ու պրոցեսի շարունակման մասին է: Այս վարկերը կազմել են երկրորդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 հազար վարկից 26 հազարը եղել են հենց այս տիպի վարկ: Գումարով դա ընդհանուր 63 միլիարդի 1/3-ն է՝ 21 միլիարդ: Բայց քանակով և շահառուների թվով դա ամենալայն շերտն է եղել: Այս տիպի վարկերը փոխարինել են նախկինում Կառավարության կողմից տրված գյուղատնտեսական զանազան աջակցության ծրագրերի՝ պարարտանյութեր, վառելանյութ և այլն: Այսպիսի փոփոխությամբ մենք անցած տարի ազատվել ենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից՝ կիրառելով այս մեթոդը:
Հաշվի առնելով, որ այս գործիքի կիրառումը խիստ պահանջված է, առաջարկում ենք երկարաձգել գործիքի կիրառումը մինչև հոկտեմբերի 1-ը, մինչև ամբողջությամբ վստահ կլինենք, որ գյուղատնտեսությունն ու տնտեսությունը վերականգնվել են»,- Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ մինչև 1 միլիոն դրամ գյուղվարկերի տոկոսները սուբսիդավորում է Կառավարությունը, որպեսզի գյուղացիները կարողանան ստանալ վարկերը 0% տոկոսադրույքով:
«Վիճակագրությունն ուսումնասիրելով տեսանք՝ փոքր գյուղվարկերի ստացման հետ կապված տեմպն այնպիսին չէ, ինչ նախորդ տարի, և որոշեցինք այս գործիքով խթանել, որ գյուղացիներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան կամ բանկերը որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին ավելի մեծ ծավալով վարկավորելու առումով: Կառավարությունը նաև ֆինանսական միջոցներ է տրամադրում բանկային համակարգին»,-նշեց վարչապետը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց՝ այս վարկի առավելությունը նաև այն է, որ գրավ չի պահանջվում և փոքր գյուղացիական տնտեսությունների համար է, և գարնանամուտին կարևոր է, որ գյուղացիները կարողանան իրենց փոքր հողատարածքի համար ձեռք բերել սերմացու, պարարտանյութ և անհրաժեշտ այլ պարագաներ: