Արցախում ռուսերենն ստացավ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Նախագիծը Ստեփանակերտում քվերակության են դրել այսօր: Կողմ է արտահայտվել 27 պատգամավոր: «Լեզվի մասին» օրենքի այս փոփոխության համաձայն՝ հայերենը Արցախում մնում է որպես միակ պետական լեզու: Ռուսերենին շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Արամ Հարությունյան, Արցախի ԱԺ պատգամավոր - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են գրական հայերենը, ռուսերենը:
Լիագումար նիստում Արցախի ազգային ժողովն այսօր քննարկել է «Լեզվի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի օրինագծի հեղինակներն առաջարկել են ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Արցախում պետական լեզուն, բնականաբար, լինելու է հայերենը:
Արամ Հարությունյան - ԼՂՀ քաղաքացիները պարտավոր են պահպանել գրական հայերենի կամ ռուսաց լեզվի անաղարտությունը: Գործավարությունը կատարել հայերենով, ըստ անհրաժեշտության՝ նաև ռուսերենով:
Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ հրաժարվում է օրինագծի համահեղինակ լինելուց, քանի որ գործընկերները չեն ընդունել իր առաջարկած տարբերակը: Այն, իր գնահատմամբ, հանրության համար ավելի ընդունելի է:
Մետաքսե Հակոբյան, Արցախի ԱԺ պատագամավոր - ԼՂՀ պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը: Ես առաջարկել էի իմ խմբագրությունը, որի ձևակերպումը հետևալն է՝ ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, հիմա օրենքում հենց այս կերպ է, այնուհետև շարունակվեր, որ կարող է հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը:
27 կողմ, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ լեզվի մասին օրենքում փոփոխություններն ընդունվել են:
Արցախի ազգային ժողովն այսօր ընտրել է Մարդու իրավունքների նոր պաշտպանին: Արցախի ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական խմբակցությունն առաջադրել էր Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը: 22 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ Ստեփանյանն ընտրվել է Արցախի օմբուդսման:
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան - Ստանձնելով Արցախի ՄԻՊ պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինելով Արցախի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ:
Օրակարգային հաջորդ հարցով Արցախի խորհրդարանը հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Հրայր Մարգարյանին: