Եվրահանձնաժողովի «Թայեքս» տեխնիկական օժանդակության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մարտի 23-ից 25-ը կազմակերպվել է առցանց փորձագիտական առաքելություն, որին մասնակցել են փորձագետներ Իռլանդիայից` Պրոֆեսիոնալ ստանդարտների և կրթության բուժքույրական և մանկաբարձական խորհրդի տնօրեն Աննե-Մարիա Ռյանը և Լեհաստանի Լոձ քաղաքի բժշկական համալսարանի համակարգված բժշկական օգնության վարչության պետ Դորաթա Կիլանսկան:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչներ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների բուժքույրեր:
Առաքելության նպատակն է տրամադրել փորձագիտական խորհրդատվություն` «Քույրական գործի զարգացման ռազմավարություն» մշակելու հարցում:
Առցանց միջոցառման ընթացքում փորձագետների կողմից խորհրդատվություն է տրամադրվել հետևյալ հարցերի ուղղությամբ.
1. Առողջապահության համընդհանուր ծածկույթի ապահովման և Կայուն զարգացման նպատակներին հասնելու հարցում բուժքույրերի դերի բարձրացմանը և մասնակցության ապահովմանն ուղղված, ապացույցների վրա հիմնված ռազմավարությունների մշակում:
2. COVID-19-ի համավարակի պայմաններում մարտահրավերների վերլուծություն:
3. Բնակչության կարիքների վրա հիմնված, անվտանգ, ծախսարդյունավետ, մատչելի բուժքույրական ծառայությունների ապահովում:
4. Բուժքույրական ծառայությունների որակի կառավարման համակարգեր (օրինակներ ԵՄ-ից):
5. Բուժքույրական կրթության ազգային հավատարմագրման ստանդարտներ;
6. Բուժքույրական ծառայությունների առաջնորդություն և հաշվետվողականություն:
7. Բոլոր մակարդակներում որոշումների կայացմանը բուժքույրերի ներգրավման մեխանիզմներ:
8. Փոփոխվող առողջապահական կարիքներին ուղղված և կարողությունների վրա հիմնված բուժքույրական կրթական ծրագրեր` ներառյալ առաջնորդության և բանակցային հմտությունների թեմաներ:
9. Ռազմավարությունների մշակման ընթացքում բուժքույրերի մասնակցության ապահովման մեխանիզմներ:
10. Բուժքույրական աշխատուժի կրթության, գործունեության կառավարում և այդ ուղղությամբ միջգերատեսչական համագործակցություն: