Անհապաղ ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը, պետական սեփականություն դարձնել Արցախի երկրորդ նախագահին և Պաշտպանության նախկին նախարարին պատկանող առանձնատները: Պահանջի հեղինակները արցախցիներ են, որոնք այսօր ակցիա են իրականացրել Ստեփանակերտում: Նրանք փողոց են փակել, ավելի ուշ բացել՝ խորհրդարանականների հորդորով:
Արթուր Օսիպյան, «Իմ իրավունքը» շարժման նախաձեռնող - Այդ օրենքները չեն բավարարում հասարակության, ժողովրդի մտահոգությունները: Ըստ ժողովրդի՝ այդ օրենքներն անարդար են, անընդունելի են: Եվ այստեղ խախտվում է ժողովրդավարության սկզբունքը:
Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցն «Իմ իրավունքը» քաղաքացիական շարժումը փակել է ժամը 14:00-ին: Պահանջել են, որ խորհրդարանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենք ընդունի, ինչը թույլ կտա երկրում վերականգնել արդարությունը:
Արթուր Օսիպյան - Մենք հրավիրում ենք այստեղ ԱԺ պատգամավորներին, որպեսզի իրենք այդ հարցերին պատասխանեն: Այո՛, ճանապարհ ենք փակել, որովհետև այլ տարբերակ մեզ չեն թողել:
Ըստ Արթուր Օսպիյանի՝ Արցախում հազարավոր տեղահանված քաղաքացիներ կան: Սա այն դեպքում, երբ զգալի թվով պաշտոնյաներ իրենց առանձնատներում ժամանակավոր չեն ընդունել նրանց: Պահանջում են պետական սեփականություն դարձնել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին և Պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին պատկանող առանձնատները:
Արթուր Օսիպյան - Օրենքում գրած է, որ նախկին նախագահին պետությունը պետք է ապահովի բնակարանով, թող բնակարանով ապահովեն, այլ ոչ թե նախագահական նստավայր նվիրեն Արկադի Ղուկասյանին: Մովսես Հակոբյանի դղյակի վերաբերյալ, բաց հրապարակային տվյալներով, բանակի հաշվին է կառուցվել, բանակի վրա վաճառվել է, այնուհետև նվիրել են Մովսես Հակոբյանին: Սա ակնհայտ կոռուպցիա է:
Բողոքի ակցիային արձագանքել են Արցախի խորհրդարանականները, պատրաստակամություն հայտնել մեկ ամսում շրջանառության մեջ դնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը: Շարժման նախաձեռնողները պատասխանել են, որ խնդիրը հրատապ է և պետք է արագ գործել: Հայտարարել են՝ փողոցը բացում են, բայց բողոքի ակցիան կշարունակեն: