Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:
BBC-ն նկարահանումներ է իրականացրել Մեխակավանում (Ջաբրայիլ): Լրագրող Ջոնա Ֆիշերը փորձել է նկարահանել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը ադրբեջանական օկուպացիայից հետո ադրբեջանցի զինծառայողները պղծել էին. նրանցից մեկը բարձրացել էր եկեղեցու վրա՝ փորձելով տապալել խաչը: Լրագրողական թիմին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը հարցին, թե որտե՛ղ է եկեղեցին, պատասխանում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն եկեղեցու մասին:
Ուստի բրիտանացի լրագրողն ինքնուրույն՝ հեռախոսի միջոցով տեղորոշում է եկեղեցու գտնվելու վայրը և օպերատորի հետ գնում այնտեղ: Սակայն բլուրը, որի վրա ենթադրվում է, որ պետք է լիներ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, այսօր արդեն դատարկ է: Միայն հատակին դեռևս թափված երևում են քարեր, որոնք ենթադրաբար մնացել են եկեղեցուց:
Ջոնա Ֆիշերը համեմատում է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը և համոզվում, որ իրենք նույն վայրում են, միակ տարբերությունն այն է, որ եկեղեցին այլևս չկա: Լրագրողը նորից է դիմում իրենց ուղեկցող ոստիկանին՝ հարցնելով, թե որտե՛ղ է եկեղեցին, ինչին ի պատասխան ադրբեջանցին պատասխանում է, որ թերևս այն ոչնչացվել է պատերազմի ժամանակ:
«Այն չէր կարող ոչնչացվել պատերազմի ժամանակ, քանի որ կան տեսանյութեր, որոնցում երևում է, որ այստեղ ադրբեջանցիներ են եկել»,- հակադարձում է Ֆիշերը:
Արդեն Բաքվում նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը նրան է ցույց տալիս եկեղեցու նախկին՝ 2017 թվականին արված լուսանկարն ու ներկայիս դատարկ բլրի լուսանկարը՝ նշելով, որ եկեղեցին հիմնովին ավերված է:
Ի պատասխան՝ Հաջիևը միայն տարակուսանք է հայտնում՝ ասելով, թե ինքը տեղյակ չէ, և այդ տեղեկությունը պետք է ստուգվի: