Կառավարության որոշմամբ երկարաձգվել է Արցախում բնակելի անշարժ գույքը ավերածությունների կամ այլ պատճառով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալող ընտանիքների ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագիրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, հիշեցրեց՝ ծրագիրը գործում է դեկտեմբերից և հնարավորություն է տալիս արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալած ԱՀ և ՀՀ քաղաքացիներին մեկ չափահաս անձի հաշվարկով ստանալ 30 հազար դրամ աջակցություն ՀՀ-ում, իսկ ԱՀ-ում՝ 45 հազար դրամ:
«Առաջարկվում է ծրագիրը ևս 3 ամսով երկարաձգել: Աջակցություն են ստանում ամսական կտրվածքով մոտավորապես 3000 հյուրընկալներ, որոնք ընդհանուր թվով հյուրընկալում են մոտ 7000 չափահաս քաղաքացի»,- նշեց Առաքելյանը: