Այս շաբաթ Մերձմոսկովյան շրջանում մեկնարկել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների կուրսանտների VI միջազգային օլիմպիադայի վերջին փուլերը: Օլիմպիադային մասնակցում են նաև հայ կուրսանտները։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:
2021 թ․ մարտի 21-26-ը նախատեսված են մաթեմատիկական մրցույթներ՝ ստուգելու կուրսանտների հանրահաշվական և երկրաչափական գիտելիքները, հմտություններն ու ունակությունները։ Կուրսանտների միջազգային օլիմպիադան արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո: Մրցույթի կազմկոմիտեում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՊՀ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներ և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության փորձագետներ: