Իտալիայի մշակույթի մի խումբ հայտնի գործիչներ դիմել են Ադրբեջանի իշխանությանը՝ կոչ անելով ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինվորականներին ու պահվող քաղաքացիական անձանց՝ փոխանցում է իտալական Avvenire պարբերականը:
Իտալացի հանրահայտ գործիչներ, ի թիվս որոնց՝ Անտոնիա Արսլանը, Դաչիա Մարաինին, Լաուրա Էֆրիկյանը, Կառլո Վերդոնեն և Ջովանի Դոնֆրանչեսկոն, ընդգծել են, որ «բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը կնպաստի երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այն նաև երկարատև խաղաղության հույս կտա»:
Իտալացի գրող Արսլանը նշել է, որ Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում պահվում են առնվազն 60 զինվորական և քաղաքացիական անձինք՝ դատապարտելով այն, որ գերեվարված տարեցները վատ վերաբերմունքի են արժանացել կամ սպանվել են, քանի որ չեն ցանկացել հեռանալ Արցախի իրենց գյուղերից:
Իտալացի գործիչներն Ադրբեջանի իշխանություններից պահանջել են բոլոր ռազմագերիներին և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել իրենց ընտանիքներին՝ համաձայն Ժնևյան կոնվենցիայի և եռակողմ հայտարարության:
Պարբերականը նշել է, որ սոցիալական հարթակներում հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը ցուցադրող տեսագրությունների տեղադրումը խիստ մտահոգիչ է: Ընդգծվում է, որ ռազմագերիների և պահվող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտում է: